News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունիսի 15-16-ին Երեւանում անցկացվելիք ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումի ընթացքում կներկայացվեն նորարարական առաջարկներ ու լուծումներ: Այդ մասին այսօր` մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով` թեեւ Հայաստանի ՏՏ ոլորտը հասել է որոշ հաջողությունների` տարեկան հասույթը մինչեւ 200 մլն դոլար, 10 հազ. աշխատող, իրականում տեխնոլոգիաների օգտագործման մակարդակը ցածր է եւ պետության, եւ բիզնեսի եւ անհատների մակարդակով: «Ձգտում ենք, որ տեխնոլոգիաները մաքսիմալ արդյունավետ օգտագործվեն»,- ասաց Կ. Վարդանյանը:

Ֆորումի գլխավոր գործընկեր «ԱրմենՏել» ընկերության գործադիր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքով` հայկական ՏՏ շուկայում նկատվում է ընկերությունների եւ քանակական, եւ որակական աճ: Ի. Կլիմկոն հատկապես բարձր գնահատեց հայ ծրագրավորողների կարողությունները, որոնց ներկայացրած լուծումները կիրառելի են ամենաբազմազան ոլորտներում, օրինակ` էլեկտրոնային մոբայլ կոմերցում: Իր հերթին` «ԱրմենՏելը» երկայացնելու է մի շարք նոր առաջարկներ: Դրանցից է` «Վիրտուալ մասնավոր ցանցի» (VPN) ծառայությունը, որի միջոցով տարբեր տարածքներում բաշխված գրասենյակները համախմբվում են միասնական կորպորատիվ մասնավոր ցանցում: Դա թույլ է տալիս օպտիմալացնել ընկերության բիզնես-գործընթացները, ապահովել փոխանցվող տեղեկատվության գաղտնիությունը, ստանալ կապի բարձր որակ: «Մայքրոսոֆթի» հետ համատեղ կներկայացվեն ամպային տեխնոլոգիաները եւ բիզնես գործընթացում դրանց կիրառման առավելությունները;

Նշենք, որ «ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2012»-ի կարգախոսն է` «Թվային լուծումներ նորարար տնտեսության համար»; Ֆորումը կազմակերպում է ԻՏՁՄ-ն, գլխավոր գործընկերն է «ԱրմենՏելը»: Միջոցառումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ