Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան հրավիրված Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության եւ այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերն, ընդհանուր առմամբ, վիրահատել է փուչիկների պայթյունից տուժած 9 հիվանդի: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
Գերմանացի բժիշկը երկու օր առաջ մեկնել է Հայաստանից, բայց եթե անհրաժեշտություն առաջանա, ապա նորից կհրավիրեն: Ինչ վերաբերում է տուժածներից մի քանիսին արտասահման տեղափոխելուն, ապա դա դեռ պարզ չէ:
Մամուլի քարտուղարը նշեց նաեւ, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի հետեւանքով տուժած քաղաքացիներից 17-ը գտնվում են հիվանդանոցներում, վերակենդանացման բաժանմունքներում հիվանդ չկա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները: Ընդհանուր առմամբ տուժել է 154 մարդ:
ԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը «ՌԻԱ նովոստի» գործակալությունը հայտնել էր, որ փուչիկները լցված են եղել հելիում գազով, իսկ բռնկման պատճառ կարող էր հանդիսանալ այրվող ծխախոտը:
Նշենք, սակայն, որ հելիումն իներտ գազ է, որը չի այրվում, տոքսիկ չէ, անգույն է, անհոտ եւ անհամ: Հելիումի ատոմները ոչ միայն ռեակցիայի մեջ չեն մտնում այլ քիմիական տարրերի հետ, այլեւ չեն միանում իրար հետ:




























