News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Պոլսահայ հայտնի ճարտարապետներից Գրիգոր Ամիրա Պալյանի կողմից 19-րդ դարի սկզբին կառուցած Սրբոց Որդվոց Որոտման եկեղեցին, որն ավելի շատ հայտնի է որպես Որդվոց Որոտման, մոտ 1,5 տարի տեւած վերանորոգումից հետո կրկին դռները բացել է հավատացյալների եւ բոլոր հյուրերի առաջ՝ զարմացնելով իր ճարտարապետական հետաքրքիր լուծումներով եւ շքեղ վերանորոգմամբ:

Սրբոց Որդվոց Որոտմանի վերանորոգումը սկսվել էր «Ստամբուլը 2010-ի Եվրոպայի մշակույթի մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում՝  պետության աջակցության շնորհիվ: Վերականգնման ծախսերի 70 տոկոսն իր վրա է վերցրել պետությունը, իսկ մնացած 30 –ը` Քումքափըի հայկական եկեղեցու հիմնադրամը:

Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին անգամ պետությունը ֆինանսավորել է հայկական համայնքին պատկանող եկեղեցու վերանորոգման աշխատանքները: Եկեղեցին մոտ 100 տարի չէր գործել:

Բազիլիկյան ոճով կառուցված եկեղեցու առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ կառուցման մեջ մեծամասամբ փայտ է օգտագործվել:  Եկեղեցին կահավորվել է բարձրակարգ բարձրախոսներով,  զինվել ժամանակակից հակահրդեհային անվտանգության համակարգով:

Եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որը կազմել է մոտ 1,5 մլն դոլար, ղեկավարել է պոլսահայ ճարտարապետ Գեւորգ Կարագյոզյանը:

2011-ի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած վերաբացմանը Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ արք. Արամ Աթեշյանի կողքին են եղել հրեական համայքնի առաջնորդ Իսհակ Հալեւան, Հունաց պատրիարք Բարդուղեմեոսը եւ բազմաթիվ թուրք պաշտոնյաներ:

Եկեղեցին վերաբացվելուց հետո օգտագործվում է նաեւ  մշակույթային միջոցառումներ անցկացնելու նպատակով՝ չկորցնելով սրբավայր լինելու նշանակությունը: Որպես մշակույթային օջախ, այն կրում է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անունը:

Վերաբացումից հետո շատ կարճ ժամանակահատվածում Որդվոց Որոդմանը մեծ հետաքրքրություն է առաջացրել թե հայերի, թե արտասահմանցիների շրջանում:

Անդրանիկ Իսպիրյան


!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ