Ուկրաինայի խորհրդարանում` Գերագույն ռադայում, մայիսի 24-ին, ռուսաց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու օրինագծի քննարկման ժամանակ պատգամավորները ծեծկռտուք են սարքել:
Ընդդիմադիր «Մեր Ուկրաինան-Ժողովրդական ինքնապաշտպանություն» եւ «ԲՅՈՒՏ-Բատկիվշչինա» խմբակցությունների պատգամավորները փորձել են հասնել խորհրդարանի նախագահություն, որը հսկելիս են եղել իշխող Տարածաշրջանների կուսակցության պատգամավորները: Արդյունքում քաշքշուկ է սկսվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Սկսված ծեծկռտուքի ժամանակ տուժել է «ԲՅՈՒՏ-Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Պավել Կոստենկոն, որին իշխող խմբակցության անդամները գլխիվայր ցած են նետել նախագահությունից:
Ծեծկռտուքի ժամանակ պատռվել է Տարածաշրջանների կուսակցության անդամ Դմիտրի Շենցեւի եւ Վադիմ Կոլեսնիչենկոյի հագուստը, վերջինս օրինագծի հեղինակներից մեկն է:
Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը ստիպված է եղել ավարտել նիստի աշխատանքը: Ռադայի շենքի մոտ է եկել շտապօգնության մեքենան:
Ինչպես հաղորդում է NEWSru.Ua-ն, 2011-ի օգոստոսին Գերագույն ռադայի օրակարգում ընդգրկվել է «Պետական լեզվական քաղաքականության սկզբունքների մասին» օրինագիծը, որով առաջարկվում է երկրի 13 շրջաններում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ ռուսերենին:











