News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումը հայկական դրամի նկատմամբ պայմանավորված է դոլարի զանգվածի կրճատմամբ եւ ֆինանսական շուկայում ազգային արժույթի զանգվածի ավելացմամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:

«Խնդիրը երկու կողմ ունի: Առաջինը, դոլարի վարքը, որ ամրանում է մի շարք գործոններով, այդ թվում միջազգային շուկայում նավթի գների աճով, դեֆիցիտով: Երկրորդը, Հայաստանի ֆինանսական շուկա դրամի մեծ քանակության հոսքով, ինչը մեծ մասամբ կապված է մայիսի 6-ին կայացած խորհրդարանի ընտրությունների հետ: Կառավարությունը ընտրողների առջեւ իրեն ցուցադրելու համար խոշոր ծախսեր արեց, շատ գումար բաժանվեց, մասնավորապես ընտրակաշառքի տեսքով»,- նկատել է Բագրատյանը` հավելելով, որ դոլարի հետեւողական ամրապնդումը այս երկու գործոնների համատեղելիության արդյունք են:

Ցանկացած դեպքում դոլարային զանգվածի աճի տեմպերը զիջում են դրամային զանգվածի աճին, ինչն էլ անհավասարակշռության է հանգեցնում: «Ես նաեւ չեմ բացառում երկրից դոլարային կապիտալի հնարավոր արտահոսքը»,- ընդգծել է նախկին վարչապետը:

Հարցին, թե ինչպես ներմուծող երկրում ապրող սպառողը կարող է պաշտպանել իրեն ազգային արժույթի թուլացման եւ, որպես հետեւանք գնողունակության կրճատման դեպքում, Հրանտ բագրատյանը պատասխանեց. «Ոչ մի կերպ»: Նրա խոսքով, եթե սպառողական շուկան ի սկզբանե մրցունակ լիներ, կարելի էր այս կամ այն մրցակցային մեխանիզմների միջոցով վերականգնել իրավիճակի վերահսկողությունը, զսպել գնաճը, բայց դա չկա: «Դրա համար այլ համակարգ, մոդել, այլ ծրագրեր եւ, ի վերջո, այլ կառավարություն է պետք: Առկա պայմաններում սպառողն իրեն չի կարող պաշտպանել»,- ասել է նա:

Կանխատեսելով Հայաստանի ֆինանսական շուկայում իրավիճակի հետագա զարգացումը` ՀԱԿ ներկայացուցիչը կարծիք է հայտնել, թե 2012թ. կտրուկ անկում չի լինի, բայց դա հնարավոր է արդեն 2013թ.:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի ֆինանսական շուկայում դոլարը թանկանում է ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ: Մայիսի 24-ին NASDAQ OMX Armenia բորսայում դոլարի փոխարժեքը հասել էր 406 դրամի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ