News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի կենտրոնում գտնվող եւ պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված փակ շուկան քանդում են, որի արդեն կիսավեր լուսանկարը հայտնվել է սոցիալական ցանցերում:

Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել «Փրկենք Փակ Շուկան» քաղաքացիական նախաձեռնությունը, որում ասվում է.

«Հարգելի համաքաղաքացիներ,

Ինչպես հայտնի է, շարունակվում Է վանդալիզմը Գլխավոր պողոտայի վրա գտնվող ծածկած շուկայի հանդեպ: Չնայած պաշտոնայների կեղծ հավաստիացումներին, թե շուկայի տարածքում շինարարական աշխատանքները դադարեցված են, երեկ երեկոյան հերթական անդառնալի վնասն է հասցվել ճարտարապետական այդ կոթողին, ինչը արձանագրել են տեսախցիկները:

Բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն ճարտարապետական կոթողի ապագայի նկատմամբ, կարող են միանալ քաղաքացիական հավաքին, որը տեղի կունենա մայիսի 28-ին, ժամը 11:00-ին, շուկայի դիմաց: Հավաքվենք եւ քննարկենք մեր անելիքները ծածկած շուկան վանդալիզմից փրկելու նպատակով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող, Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկան» վաճառվել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Սամվել Ալեքսանյանը մտադիր է շուկան դարձնել ամենամեծ Yerevan City-ն։ Այս տարվա հունվարի 4-ից Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայում» սկսվել են վերանորոգման աշխատանքները:

Դեռեւս այս տարվա հունվարին, Երեւանի քաղաքապետարանի հանձնարարությամբ, Մաշտոցի պողոտայի «Փակ-շուկա»-ի ներսում ընթացող վերանորոգման աշխատանքները դադարեցվել էին: Մշակույթի նախարարության մասնագետները եղել էին այդտեղ եւ զեկուցել, որ ստորգետնյա աշխատանքերի հետ կապված որեւէ խնդիր չկա, իսկ վերգետնյայի մասին այս պահի դրությամբ առայժմ խոսք չկա, քանի որ դեռեւս չկա որեւէ նախագիծ: «Այս պահին նախարարությանը դիմել են միայն ստորգետնյա հատվածում ավտոկայանատեղի կառուցելու համար: Դեռեւս որեւէ այլ ծրագիր չկա, իսկ երբ լինեն վերակառուցման ծրագրեր, ապա ընթացակարգով, օրենքով համապատասխան աշխատանքներ կիրականացվեն»,- նշել էր նախարար Հասմիկ Պողոսյանը:

Սակայն արդեն այս հանգստյան օրերին շուկան նորից սկսել են քանդել:

Նշենք, որ Փակ շուկան Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի ու ճարտարագետ Համազասպ Առաքելյանի ստեղծագործությունն  է։ Այն  անցած դարի 50-ականներին ճանաչվել էր որպես Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ