News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված «Փակ շուկայի» անօրինական քանդումը կասեցնելու նպատակով «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի գլխավորությամբ մի խումբ ակտիվիստներ, այսօր` մայիսի 28-ին, հավաքված ստորագրություններով հաղորդագրությամբ դիմել են ոստիկանություն, որպեսզի թույլ չտան շինարարական որեւէ գործողություն այս կոթողի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը:

«Ավելին` չկա շինարարական աշխատանքների թույլատվություն եւ չկա նաեւ հաստատված նախագիծ, ինչի վկայությունն է այն, որ որեէ տեղ չեք տեսնի ցուցանակ, ինչն օրենքի պահանջն է եւ ինչը ցույց կտա, թե ինչի է վերածվելու այս շենքը շինարարական միջամտությունից հետո»,- պարզաբանեց Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքով, փորձել են մուտք գործել նաեւ շուկայի տարածք, բաց, դարպասները կողպված են եղել եւ որեւէ մեկը բացատրություն չի տվել կատարվածի վերաբերյալ:

«Երեկ երեկոյան արդեն սոցիալական ցանցերում ահազանգ հնչեց, որ շարունակում են քանդել «Փակ շուկան», որի արդյունքում մտահոգութունը սոցիալական ցանցերում այն աստիճան մեծացավ, որ որոշվեց խումբ բացել: Խմբի հետ քննարկումների արդյունքում պարզ կդառնա մեր հետագա քայլերը»,- ավելացրեց Ստյոպա Սաֆարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող, Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկան» վաճառվել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Սամվել Ալեքսանյանը մտադիր է շուկան դարձնել ամենամեծ Yerevan City-ն։ Այս տարվա հունվարի 4-ից Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայում» սկսվել են վերանորոգման աշխատանքները: Դեռեւս այս տարվա հունվարին, Երեւանի քաղաքապետարանի հանձնարարությամբ, Մաշտոցի պողոտայի «Փակ-շուկա»-ի ներսում ընթացող վերանորոգման աշխատանքները դադարեցվել էին: Մշակույթի նախարարության մասնագետները եղել էին այդտեղ եւ զեկուցել, որ ստորգետնյա աշխատանքների հետ կապված որեւէ խնդիր չկա, իսկ վերգետնյայի մասին այս պահի դրությամբ առայժմ խոսք չկա, քանի որ դեռեւս չկա որեւէ նախագիծ: «Այս պահին նախարարությանը դիմել են միայն ստորգետնյա հատվածում ավտոկայանատեղի կառուցելու համար: Դեռեւս որեւէ այլ ծրագիր չկա, իսկ երբ լինեն վերակառուցման ծրագրեր, ապա ընթացակարգով, օրենքով համապատասխան աշխատանքներ կիրականացվեն»,- նշել էր նախարար Հասմիկ Պողոսյանը: Սակայն արդեն այս հանգստյան օրերին շուկան նորից սկսել են քանդել: Նշենք, որ Փակ շուկան Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի ու ճարտարագետ Համազասպ Առաքելյանի ստեղծագործությունն է։ Այն անցած դարի 50-ականներին ճանաչվել էր որպես Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ