News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վրաստանի ընդդիմությունը մեծ մասամբ համախմբվել է միլարդատեր, «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի շուրջը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն:

Նրա խոսքով` չմիացած ուժերից իրական քաղաքական կշիռ ունեն միայն երկու-երեքը, մասնավորապես Նինո Բուրջանաձեի ղեկավարած «Դեմոկրատական շարժումը»  եւ Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը` Սոսո Շատբերաշվիլիի ղեկավարությամբ:

«Ընդդիմությունը համախմբվել է Իվանիշվիլիի շուրջը եւ իրենից իրական ուժ է ներկայացնում: Բուրջանաձեի դեպքում, ով Վրաստանում ռուսամետ քաղաքական գործչի կարգավիճակ ունի, հնարավոր է որոշակի համագործակցություն, սակայն բացառում եմ լեյբորիստների համագործակցությունը»,-նկատեց Արեշիձեն: Նրա խոսքով` մայիսի 27-ին Թբիլիսում բազմահազար ցույցից հետո շատ բան է փոխվել. «Վախի եւ կաշկանդվածության մթնոլորտը ցրվել է, եւ դա շատ կարեւոր է»,- ընդգծեց զրուցակիցը:

Արեշիձեն համաձայնեց այն դիտարկման հեռտ, թե Վրաստանի ընդդիմության եւ իշխանությունների միջեւ գաղափարական տարբերությունը քիչ է: «Սակայն խնդիրն այն է, որ մարդիկ չեն վստահում իշխանություններին»,-նշեց քաղաքագետը:

Պատասխանելով հուզումների եւ իրավիճակի  ապակայունացման հնարավորության մասին հարցին, փորձագետը նշեց, որ դա քիչ հավանական է, սակայն իրադարձությունների նման զարգացումը հնարավոր չէ բացառել:

Միաժամանակ Արեշիձեն վստահ է, որ եթե աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ  իշխանությունները վարչական լծակներ կիրառեն  եւ քվեներ «նկարեն», ապա Վրաստանում զանգվածային հուզումներն անխուսափելի կլինեն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը,  Վրաստանում քաղաքական իրավիճակը կտրուկ սրվել է: Ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին մայիսի 27-ին բողոքի զանգվածային ակցիա էր կազմակերպել, որի մասնակիցների թիվը հասել է  110 հազարի:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ