News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սահմանադրական դատարանը հետաձգել է Հայ ազգային կոնգրեսի հայցի քննությունը մինչեւ վաղը` մայիսի 30-ը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ՍԴ-ն կողմերին առաջարկել է հանդես գալ եզրափակիչ խոսքով, ինչին ի պատասխան ՀԱԿ լիազոր-ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն ասել է, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրավոր չի ներկայացրել իր հարցերի պատասխանները, հետեւաբար պատրաստ չէ հանդես գալ: Փաստաբանը մեկօրյա ժամկետ խնդրեց: ՍԴ-ն ՍԴ-ն որոշեց նիստը հետաձգել մինչեւ 12-ը, թեեւ Գրիգորյանը խնդրում էր մինչեւ ժամը 14-ը: Դատարանը հաշվի առավ, որ վաղը` ժամը 16-ին ԿԸՀ-ում նախատեսված է մանդատների հանձնման արարողությունը եւ ԿԸՀ ներկայացուցիչ Տիգրան Մուկուչյանը չի հասցնի ներկայացնել իր փաստարկները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ՍԴ-ն մայիսի 25-ին սկսել է քննել Հայ ազգային կոնգրեսի դիմումը` մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով:

Գործով որպես պատասխանող ճանաչված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը միջնորդել էր դատարանին` կարճել հայցը` անհիմն լինելու պատճառաբանությամբ, սակայն ՍԴ-ն մերժել էր Մուկուչյանի միջնորդությունը եւ որոշել դիմումը քննել բանավոր կարգով: Սահմանադրական դատարանում գործով որպես զեկուցող հանդես են եկել ՍԴ անդամներ Արեւիկ Պետրոսյանն ու Ֆելիքս Թոխյանը:

Հայ ազգային կոնգրեսը ԿԸՀ-ում ներկայացնում են փաստաբան Վահե Գրիգորյանն ու ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Մայիսի 25-ի նիստը հետաձգվել էր մինչեւ այսօր` մայիսի 29-ը:

Նշենք, որ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով ՍԴ են դիմել նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված վեց թեկնածուներ, որոնցից հինգը` Հայ ազգային կոնգրեսից` Մանուել Գասպարյանը (թիվ 3), Նիկոլ Փաշինյանը (թիվ 7), Լեւոն Զուրաբյանը (թիվ 9), Գագիկ Ներսիսյանը (թիվ 17) եւ Դավիթ Մաթեւոսյանը (թիվ 38), նաեւ թիվ 37-ում ինքնառաջադրված Սամվել Հարությունյանը: Նրանց դիմումները քննարկվելու են հունիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ