News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս տարի լրանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմավորման 20-ամյակը: Այսօր` մայիսի 30-ին, Երեւանում կայացավ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստը, որը վարում էր ՀՀ նախագահ, «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա էր խորհրդի 36 անդամներից 35-ը:

Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արա Վարդանյանը: Սերժ Սարգսյանն առաջարկեց նաեւ հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկել նաեւ Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանին, որն առաջացրեց նիստին ներկա որոշ սփյուռքահայերի առարկությունը եւ մտահոգությունը: Մասնավորապես` առարկություններից մեկը վերաբերում էր նրան, թե Ջ. Մանուկյանին պետք է առաջարկի Սփյո՞ւռքը, թե՞ Հայաստանը, կամ պետք է քվեարկի միայն հոգաբարձուների խորհո՞ւրդը, թե՞ նաեւ տեղական մարմինները:

Այս հարցի կապակցությամբ ստիպված էր մեկնաբանություն տալ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ասելով, թե հոգաբարձուների խորհրդի կազմում ընտրվում են ճանաչված եւ ակտիվ գործունեություն ծավալող սփյուռքահայերը, իսկ ընտրության իրավունքը պատկանում է հոգաբարձուների խորհրդին: Այնուամենայնիվ` Ֆրանսիան ներկայացնող Վահե Ճազմատարյանը նկատեց, որ նմանատիպ ասոցիացիաները պետք է աշխատեն` առանց ակնկալելու հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելը, այլապես այլ ասոցիացիաներ նույնպես նմանատիպ ցանկություն կհայտնեն: Ի վերջո` քվեարկությամբ Ջ. Մանուկյանը ընտրվեց հոգաբարձուների խորհրդի անդամ` 2 դեմով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ