News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Նոր խորհրդարանում Սամվել Բալասանյանին այլեւս չենք տեսնի ԱԺ փոխնախագահի պաշտոնում, ԲՀԿ խմբակցությունը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը, իսկ խմբակցության քարտուղարը կլինի Նաիրա Զոհրաբյանը: Այս մասին, այսօր մայիսի 30-ին, ԲՀԿ խմբակցության առաջին նիստից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ, գործարար Սամվել Բալասանյանը:

Նա նշեց, որ 5-րդ գումարման ԱԺ-ում իրեն չենք տեսնի փոխնախագահի պաշտոնում, քանի որ ԲՀԿ-ում քաղաքական որոշում է կայացվել հրաժարվել բոլոր պաշտոններից, իսկ ԱԺ փոխնախագահի պաշտոնը քաղաքական պաշտոն է:

Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նիստում քննարկվել են տեխնիկական եւ կազմակերպչական  մի շարք հարցեր: Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է բոլորին վաղվա առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ (մայիսի 31-ին կայանալու է նոր ԱԺ-ի առաջին նիստը-խմբ), ճշտգրվել են պատգամավորների նախասիրությունները, որպեսզի տեսնեն, թե ով որ հանձնաժողովում է աշխատելու:

NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե Գագիկ Ծառուկյանն այսօր մասնակցելո՞ւ է ԿԸՀ-ում մանդատներ ստանալու արարողությանը, Զոհրաբյանը բացասական պատասխան տվեց` հիմնավորելով, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ ունի, սակայն իր մանդատը կփոխանցեն իրեն: Իսկ Վարդան Օսկանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նիստին շնորհավորել են միմյանց եւ աշխատանքային բնույթի հարցեր քննարկել:

Ինչ վերաբերում է  2013թ-ի նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի` առանձին թեկնածուով հանդես գալու հավանականությանը, եւ Վարդան Օսկանյանը եւ Նաիրա  Զոհրաբյանը նշեցին, որ այդ հարցը չի քննարկվել եւ առհասարակ վաղ է այդ մասին խոսել:

Թե մինչ նիստը սկսվելը, թե նիստից հետո այդպես էլ չհաջողվեց տեսնել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, նա, ամենայն հավանականությամբ, եկավ եւ հեռացավ ետնամուտքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ