News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասը Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում կողմ է քվեարկել Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը:

Համենայն դեպս, ԱԺ նախագահի փակ գաղտնի ընտրություններին մասնակցել է 110 պատգամավոր, որոնցից միայն չորսն է դեմ քվեարկել Աբրահամյանին, եւս չորս քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Իրեն կառուցողական այլընտրանք հայտարարած եւ կոալիցիան լքած ԲՀԿ-ն, ի դեպ, ԱԺ-ում ունի 37 հոգանոց խմբակցություն, եւ միայն Գագիկ Ծառուկյանն է, որ չէր ներկայացել նիստին: ԱԺ նիստից բացակայում էին ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները, իսկ ՀՅԴ-ն ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով իշխող կուսակցության ներկայացուցչի օգտին քվեարկելու հանգամանքը` ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը հայտնեց, որ ինքն անձամբ կողմ է քվեարկել Հովիկ Աբրահամյանի օգտին: «Պատճառը իմ համար եղել է այն, որ պետք է կողմ քվեարկեմ»,- ասաց Արսենյանը` նշելով, որ դա իր անձնական որոշումն է:

Մեկ այլ ԲՀԿ-ական, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր հերթին նշեց, թե քվեարկությունն ազատ է եղել: «Ազատ քվեարկություն է եղել, պետք չի էլի, բան փնտրել»,- նշեց Օսկանյանը` չմանրամասնելով, թե ինչպես է քվեարկել ինքը:

Նշենք, որ նոր իշխող կոալիցիան` ի դեմս Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների, մի քանի անկախ պատգամավորների հետ միասին, նույնիսկ 80 մանդատ չունի, մինչդեռ խորհրդարանի նախագահի ընտրություններում հանրապետական թեկնածուն 102 քվե է ստացել: Հաշվի առնելով, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չեն մասնակցել առաջին նիստին, իսկ ՀՅԴ-ն` քվեարկությանը, բարդ չէ կռահել, որ Աբրահամյանի օգտին քվեարկել է «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորների առնվազն  կեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ