Թուրքիայի Կայսերի քաղաքի (Կեսարիա) հայկական Թալաս թաղամասում գտնվող մեծ հայ բարերար Գալուստ Գյուլբենկյանի տունը նախորդ տարի գնած թուրք գործարար Նեջիփ Դինչերը դեռ չի սկսել տան վերանորոգման աշխատանքները (ֆոտոռեպորտաժ):
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն հայ թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակում հայ եւ թուրք լրագրողների խումբը Կայսերիում այցելեց նաեւ Գյուլբենկյանի տուն:
Կայսերիում ապրող 4 հայերից Սարգիս Թեքյանը լրագրողների խմբին ուղեկցեց Գյուլբենկյանի 3 տներից մեկը, որը նախորդ տարի գնել էր Նեջիփ Դինչերը: Սարգիսը, նշելով, որ Գալուստ Գյուլբենկյանն իր բարեկամն է՝ իր պապի զարմիկը, ասաց, որ Գյուլբենկյանի 3 տներից մեկը քանդել են, իսկ այս մեկը գնել է Նեջիփ անունով մի գործարար եւ խոստացել վերանորոգել ու դարձնել բուտիք-հյուրանոց՝ խթանելով Կայսերիի զբոսաշրջությանը:
Թալաս թաղամասի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ Գալուստ Գյուլենկյանի տան հարեւանությամբ գտնվում են ժամանակին հայերին պատկանած բազմաթիվ շքեղ առանձնատներ: Օրինակ՝ Գյուլբենկյանի տան դիմաց է գտնվում Քարամանյանների շքեղ ու մեծ առանձնատունը:
Դինչերը նշել է, թե ինքը Գյուլբենկյանի առանձնատունը գնել է Ստամբուլում ապրող մի ընտանիքից։ Նա շեշտել է, որ առանձնատունը վերանորոգելու համար դիմել է Մշակույթային եւ բնական ունեցվածքի պահպանության բարձագույն խորհուրդ։ «Վերանորոգման նախագծի քննարկման ընթացքում բոլոր ճարտարապետները հիացած էին այդ առանձնատան գեղեցկությամբ։ Խաչի տեսքով կառուցված տունը համարվել է Կապադովկիայի ամենագեղեցիկ կառույցը։ Մտածում ենք, որ այն հայերի եւ հույների համար գեղեցիկ մի վայր է դառնալու»,-նշել է Դինչերը՝ շեշտելով, որ 900 հազար լիրա (600 հազար դոլար) արժողությամբ վերանորոգումից հետո Գյուլբենկյանի առանձնատունը Կայսերիում կխթանի տուրիզմի զարգացմանը։
Նշենք, որ Գալուստ Գյուլբենկյանը ծնվել է 1869-ին։ Սովորել է Ֆրանսիայում եւ Անգլիայում։ Գերազանցությամբ ավարտել է Օքսֆորդի համալսարանը՝ ստանալով ինժեներ-նավթագործի որոկավորում։ 21 տարեկանում արդեն ճանաչվել է որպես միջազգային կարգի փորձագետ նավթի հանքերի վերաբերյալ։
Գալուստ Գյուլբենկյանը 1898-ին Օսմանյան կայսրության կողմից Փարիզի եւ Լոնդոնի դեսպանատներում նշանակվել է տնտեսական գծով խորհրդական։ Պողոս Նուբար փաշայի մահվանից հետո ստանձնել է ՀԲԸՄ-ի ղեկավարությունը։
Հայ առաջին միլարդատերը երբեք չի մոռացել իր արմատների մասին եւ մեծ աջակցություն է ցուցաբերել սփյուռքահայությանը։ Նրա հիմնադրամի միջոցներով մինչեւ հիմա աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներ ստանում են միջնակարգ եւ բարձրագույն կրթություն: