News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է Window On Heartland աշխարհաքաղաքական բլոգի (ղեկավար` Ջովաննի Դանիելե Վալվոյի) հոդվածը` տպագրված Eurasia Review-ում:

1992թ. հուլիսին` Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծված ադրբեջանական ռազմածովային նավատորմը ռուսականից հետո երկրորդ ուժեղ նավատորմն է համարվում Կասպից ծովում: Այնուամենայնիվ, Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակը եւ սպառազինությունների մրցավազքն այդ լճում, որը մի ժամանակ այդքան խաղաղ կիսում էին Մոսկվան ու Թեհրանը, Ադրբեջանին ստիպում է էլ ավելի կատարելագործել ռազմածովային հնարավորությունները` աշխարհաքաղաքական առումով մոլորակի ամենակարեւոր տարածաշրջաններից մեկում Բաքվի դիրքերը պաշտպանելու համար:

Նախորդ ամիս Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդեց Կասպից ծովի ադրբեջանական հատվածում շաբաթական մարտավարական ուսումնավարժանքների հաջող ավարտի մասին: «Նավթային եւ գազային հանքավայրերի, հարթակների եւ արտահանման խողովակաշարերի պաշտպանություն» անվամբ ուսումնավարժանքներին մասնակցել են 1200 զինծառայողներ, 21 նավեր, 20 արագանավեր եւ 8 ուղղաթիռներ:

Օգտագործվել են նաեւ զենիթահրթիռային մեկնարկային սարքավորումներ, ծանր գնդացիրներ եւ հրթիռային տարբեր համակարգեր, եւ դա խոսում է այն մասին, որ Բաքուն իրոք անհանգստացած է հնարավոր սպառնալիքներից` կապված սովորական խաղացողների, այլ ոչ թե ահաբեկիչների հետ: Վերջերս Ռուսաստանը կառուցեց հրետանային փոքր «Մախաչկալա» նավը, իսկ Ղազախստանը հաջողությամբ գործարկեց հայրենական արտադրության առաջին ռազմանավը` «Ղազախստանը»:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի համար գլխավոր սպառնալիքը գալիս է հարավից, ավելի հստակ` Իրանից:

Լինելով Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ Ղրղըզստանի արտոնյալ գործընկերը, շնորհիվ Շանհայական համագործակցության կազմակերպությունում իր դիտորդական կարգավիճակի, Իսլամական Հանրապետությունը նաեւ Հայաստանի մտերիմ գործընկերն է, որի հետ Ադրբեջանը հին հակամարտություն ունի` կապված ղարաբաղյան տարածաշրջանի հետ:

2000թ. իրանական ռազմանավը ադրբեջանական հետախուզական նավին թույլ չտվեց աշխատանքն սկսել Կասպից ծովի հարավային մասում` հայտարարելով, որ Բաքուն ներխուժում է իրանական տարածքային ջրեր: Ռազմական լուրջ տեխնիկայի բացակայությունը եւ հակասությունը չսրելու ցանկությունը Ադրբեջանին թույլ չտվեցին շարունակել հետազոտությունները «վիճելի» հանքավայրերում:

Այսօր ամեն ինչ այլ է, եւ Ադրբեջանը, շնորհիվ Թուրքիայից, ԱՄՆ-ից եւ Իսրայելից ստացվող ռազմական օգնության, ավելի հաստատակամ է դարձել իր տարածաշրջանային շահերի հարցում:

Վաշինգթոնը հսկայական դեր խաղաց Ադրբեջանի ռազմածովային նավատորմի ստեղծման գործում` նվիրելով մի քանի պարեկային մոտորանավակներ եւ պատրաստելով ադրբեջանական ռազմածովային հատուկ նշանակության ջոկատը` երկրի վերահսկողական հնարավորությունները Կասպից ծովի իր մասում մեծացնելու նպատակով: Իր կողմից Երուսաղեմը վերջերս Բաքվին հականավային «Գաբրիել-5» հրթիռներ տրամադրեց` 1,5 մլրդ դոլարի զենքի առուվաճառքի ադրբեջանա-իսրայելական գործարքի շրջանակում: Արդյունքում Ադրբեջանի նավատորմն այսօր վերածվել է սպառնալից ուժի եւ չպետք է արհամարհվի մերձկասպյան այլ պետությունների, մասնավորապես`Իրանի կողմից:

Արեւմուտքի եւ Թեհրանի միջեւ պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է, ըստ էության, Իրանին թշնամի կոալիցիոն ուժերին ռազմական եւ նյութատեխնիկական օգնություն հատկացնել: Այնուամենայնիվ, Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի միջեւ աշխարհաքաղաքական կապերն, ըստ երեւույթին, բավական կլինեն Բաքվին հակամարտությանը մասնակցելուց հետ պահելու համար: Հակառակ դեպքում նույնիսկ Ադրբեջանի ռազմածովային նավատորմը Բաքվին չի կարող օգնել խուսափել ծովում Վրաստանի ճակատագրից, որը, ի վերջո, ռուսական լիճ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ