News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Թուրքիայի Մալաթիա նահանգում գտնվող Վանք գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Մալաթիա քաղաքում գտնվող Սուրբ Երրորդության հետ  միասին Մալաթիայի հայերի միության (HAYDer) ջանքերի շնորհիվ կվերանորոգվի (ֆոտոռեպորտաժ):

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում հայ եւ թուրք լրագրողների խումբը Մալաթիայի հայերի միության Մալաթիա քաղաքի պատասխանատու Սերդար Բոյաջըի ուղեկցությամբ այցելեց Վանք գյուղ, որտեղ պահպանվել է Սուրգ Գրիգոր լուսավորիչ եկեղեցական համալիրից մի փոքր հատված:

Սերդար Բոյաջըն հիշեցնում է, որ մոտ 1500 տարվա պատմություն ունեցող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերանորոգման համար Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը գումար է հատկացրել, իսկ եկեղեցու վերանորգման նախագիծն արդեն հաստատվել է Սվասի (Սեբաստիա) մշակույթային արժեքների պահպանության շրջանային խորհրդի կողմից:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ինչպես մյուս հայկական եկեղեցիները, ենթարկվել է գանձ փնտրողների ավերածություններին: Եկեղեցու ներսում եւ դրսում հսկայական փոսեր էին արվել` «հայերի գանձերը» գտնելու հույսով:

Բացի այդ, եկեղեցու անմիջական հարեւանությամբ տեղի քրդերը փոքր աղոթատեղի էին կառուցել, որը եկեղեցու վերանորոգումը սկսելու հետ քանդվելու է: Իսկ եկեղեցու ներսում` պատերի վրա բացի քրդերի ու թուրքերի գրառումներից, իրենց անունն էին անմահացրել ոմն Ժիրայր, Օհաննես եւ Նորայր:

Այն պահին, երբ հայ եւ թուրք լրագրողները գտնվում էին եկեղեցու մոտ, գյուղում բնակվող քրդերի երեխաները դասագրքերով մոտեցել էին եկեղեցուն: Աչքի նընկավ երեխաներից մեկը, ով շատ պինդ գրկել էր Time For English դասագիրքը:

Մալաթիա քաղաքից 7 կմ հեռավորության վրա մի բարձրադիր վայրում գտնվող Վանք գյուղում (ներկայումս թուրքերը Վենք են ասում) ապրող քրդերը եկել են լեռան հակառակ կողմում գտնվող Չամուռլու գյուղից դեռեւս 1933 թվականին: Պետությունը 1936 թվականին հայերի տները սեփականության վկայականներով հանդերձ տվել է գյուղի բնակիչներին:  

Գյուղի բնակիչները խոստովանում են, որ ժամանակին այն հայկական գյուղ է եղել` նշելով, որ արտասահման տեղափոխված բազմաթիվ հայեր շարունակում են այցելել իրենց գյուղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ