News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության պատկերասրահում բացվեց ֆրանսիահայ նկարիչ Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսը` «Երեւակայական բնապատկերներ» խորագրով: Մոտ մեկ ամիս ամերիկահայ համայնքի համար կցուցադրվեն նկարչի բնանկարները եւ քանդակները, որոնք, Ժան Կազանչյանի տիկնոջ` Քրիստին Արժիլեի ներկայացմամբ, հիշողությամբ ստեղծված պատկերներ են` բնության ու շրջակա միջավայրի շաղկապվածության արտացոլմամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսի բացմանը ներկա էին Լոս Անջելեսի արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ` նկարիչներ, ռեժիսորներ, արվեստաբաններ, հասարակական եւ քաղաքական գործիչներ:

ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, ողջունելով «Հայաստանի տանը» Ժան Կազանչյանի ցուցահանդեսի բացումը, շեշտեց, որ հյուպատոսության այդ նախաձեռնությունը համայնքի նշանավոր դեմքերին առավելագույն ճանաչելի դարձնելու քայլերից է, որը շարունակական կլինի:

Ցուցահանդեսին ներկա էր նաեւ USC պրոֆեսոր, սյուրռեալիզմի վերլուծաբան, քննադատ Գլորիա Օբերսթայնը: Նա, իբրեւ Ժան Կազանչյանի ստեղծագործության մեծ գիտակ, շեշտեց, որ նկարչի գործերում նկատելի են աղերսները հայ ժողովրդի պատմության ծանր դրվագների հետ, այդուհանդերձ, ըստ արվեստաբանի, Ժան Կազանչյանի արվեստը չի սահմանափակվում տարածության եւ ժամանակի միեւնույն տիրույթում: «Նա կարեւոր ասելիք ունի աշխարհին ու մարդկությանը` արդիական բոլոր ժամանակներում:», ասաց արվեստաբանը:

Ժան Կազանչյանի կինը` արվեստաբան Քրիստին Արժիլեն, ով ֆրանսիացի հայտնի կոլեկցիոներ, դադաիզմի եւ սյուրռեալիզմի քարոզիչ Պիեռ Արժիլեի դուստրն է, համարում է, որ Կազանչյանը սյուրռեալիզմի հետեւորդ է, ով կրում է հայկական երեւակայական մտածողությունը`արտահայտված արվեստի միջազգային լեզվով: 

Հայտնի նկարիչը բազմիցս ցուցադրվել է աշխարհի շատ երկրների հեղինակավոր սրահներում: Ժան Կազանչյանը ծնունդով մուսալեռցի է, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել Լիբանանում, երկար տարիներ ապրել Ֆրանսիայում: Այժմ ապրում է ԱՄՆ –ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ