News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Ըստ այդմ, նշվում է, որ հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:

Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներներ` հակառակորդը հետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ:

Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը եւ ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների ծնողներին ու հարազատներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս գիշեր Ադրբեջանի կողմից գնդակոծվել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: NEWS.am-ի տեղեկություններով, 3 ժամկետային զինծառայող մահացել է, իսկ 5-ը` վիրավորվել: Եվս մեկ զինվոր վիրավորվել է Բերդավան գյուղի ուղղությամբ:

Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ բնակիչների շրջանում տուժածներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ