News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանում բարձրաստիճան հյուրերի այցելության դեպքում Ադրբեջանը որոշակի գործողությունների է գնում միայն սադրանքի համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը` մեկնաբանելով սահմանին տեղի ունեցած հերթական դիվերսիոն գործողությունը, որի հետեւանքով զոհվել էր 3, վիրավորվել 6 հայ զինվորական:

«Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը կպատասխանի այդ սադրանքին, ի վերջո համբերության բաժակը կլցվի եւ մենք համարժեք կամ ավելի ուժեղ պատասխան կտանք, որն իրենք կօգտագործեն իրենց օգտին»,- նշեց փորձագետը: Վերջինս նաեւ նկատեց, որ սադրանքներն սկսել են արվել Հայաստանի հանրապետության դեմ: «Իսկ ՀՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ է: Եթե Արցախը չճանաչված պետություն է, Հայաստանը ճանաչված պետություն է, իսկ Ադրբեջանն արդեն դիվերսիոն գործողությունները կատարում է ճանաչված պետության դեմ»,-ասաց նա:

Ըստ փորձագետի, Ադրբեջանը պլանավորում է, որ հայկական կողմը կարող է սադրանքի զոհ գնալ: «Եթե մենք հիմա գործողություն անենք իրենց դեմ, ամենաբարձր մակարդակով աղմուկ են բարձրացնելու, ու համոզված եմ, որ եթե իրենց գործողությունների դեպքում միջազգային հանրությունը լղոզված հայտարարություն է տարածում, որ հանգիստ մնացեք, մի կրակեք, խնդրում ենք, զսպեք, հայկական կողմի գործողությունների դեպքում ահավոր աղմուկ է բարձրացնելու, անմիջապես, եւ հայկական կողմը ներկայացվելու է որպես ագրեսոր»,- նշեց Պետրոսյանցը` հավելելով, որ ստեղծված իրավիճակի թիվ մեկ մեղավորը միջազգային հանրությունն է, որը «չի կարողանում, կամ ավելի շուտ, չի ուզում Ադրբեջանի դեմ խիստ միջոցներ կիրառել»:

Հարցին, թե ի՞նչ պետք է անի հայկական կողմը դիվերսիաների դեպքում, Հրաչյա Պետրոսյանցը նկատեց. «Մենք այսօր դիլեմայի առաջ ենք: Կամ պետք է համբերենք, կամ դառնանք սադրանքի զոհ: Ճիշտ է` համբերելն էլ մեզնից, ցավոք, մարդկային զոհեր է տանում, բայց հաշվի առնենք, որ եթե պատերազմ սկսվեց, հարյուրավոր, հազարավոր զոհեր են լինելու: Հետեւանքները շատ ծանր կլինեն այդ դեպքում»:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:

Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներներ` հակառակորդը հետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը: Կա 6  վիրավոր: Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն:

Նշենք, որ այսօր մեկնարկում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ