Միջազգային փորձագետները ներկայում «Նաիրիտ» գործարանում իրականացնում են արդիականացման ու վերականգնման ծրագրի գնահատման աշխատանքներ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամլո ծառայությունից:
«Ծրագրի նպատակն է` վերազինել ու կրկին աշխատեցնել «Նաիրիտը»: Նպատակահարմարությունից ելնելով`«Նաիրիտի» արդիականացման ու վերականգնման ծրագրի մանրամասները կներկայացնենք ծրագրի գնահատման ավարտից ու փորձագիտական եզրակացությունից հետո»,-նշված է նախարարության պաշտոնական գրության մեջ:
ՀՀ Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը NEWS.am-ին ասաց, որ ամենայն հավանականությամբ` «Նաիրիտը» կառավարելու օպերատորի դերը կստանձնի ռուսական «Իտերա» ընկերությունը, քանի որ հենց այդ ընկերության պատվերով են «Նաիրիտում» ուսումնասիրություններ իրականացնում: «2000 թվականից բանակցություններ էինք վարում «Սիբուրի» հետ, որը «Գարզպրոմի» դուստր ձեռնարկությունն էր ու համագործակցում էր «Իտերայի» հետ: Տասնմեկ տարի հետո կրկին վերադառնում ենք գործարանը «Իտերային» հանձնելու գաղափարին, որը եթե այն ժամանակ արվեր, հիմա «Նաիրիտը» աշխատող ձեռնարկություն կլիներ»,- ասաց Վ. Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ մինչեւ 2009 թ. մարտը «Իտերա»-ն «ՀայՌուսգազարդի» բաժնետերն էր, դրանից հետո նա իր 4,45% բաժնետոմսերը վաճառեց «Գազպրոմ» ընկերությանը:
2011 թ. նոյեմբերին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ «Նաիրիտ գործարան» ընկերության արտադրության արդիականացման նպատակով կառավարող ընկերություն պետք է ընտրել: Հավակնորդների թվում են ինչպես «Իտերա»ն, այնպես էլ գերմանական CSC ընկերությունը:
«Նաիրիտի» 90% բաժնետոմսերի սեփականտերը Rhinoviille Property Ltd կոնսորցիումն է, որի մասնակիցներն են լեհական Sawex, ամերիկյան Intertex եւ ռուսական «Եվրոգազ» ընկերությունները: