ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին նամակ է հղել, որով կոչ է անում խստորեն դատապարտել Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական կողմի ագրեսիան, որը համընկավ պետքարտուղարի` Հարավային Կովկաս կատարած այցի հետ:
«Ադրբեջանական ագրեսիան, բացի նրանից, որ մարդկային ողբերգության պատճառ դարձավ, այն նաեւ ստոր հարձակում է տարածաշրջանում ամուր եւ երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարների նկատմամբ»,-նշվում է Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի` պետքարտուղար Քլինթոնին ուղղված նամակում:
Հայ դատի հանձնախումբը Օբամայի վարչակազմին կոչ է անում չսահմանափակվել «բռնություն կիրառելուց ձեռնպահ մնալու մասին անատամ հայտարարություններով, որոնք ուղղված են կողմերին ընդհանրապես», այլ դատապարտել հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել` 6 զինծառայող (նրանցից մեկն սպա է):
Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել միջադեպի կապակցությամբ, որտեղ նշվում է, որ հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներ` հակառակորդը հետ է մղվել: