News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի Ադրբեջանի հետ սահմանակից Չինարի համայնքում հնչող կրակոցները դարձել են սովորական, բնակիչները կես կատակ-կես լուրջ պատմում են, որ եթե մի օր կրակոց չի լինում, անհանգստանում են: «Տուն կա, որ սահմանից 600 մետր հեռավորության վրա է, հողագործությամբ մարդիկ քիչ են զբաղվում, մենակ մտածում են որ հեռանան գյուղից»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Չինարի գյուղի տարեց մի բնակիչ, ով թեեւ լարված իրավիճակին, թղթախաղ էր խաղում հասակակիցների հետ (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսքով քիչ չեն դեպքերը, երբ թշնամին որպես քայլող թիրախ օգտագործում է անձամբ մարդկանց ու անասուններին: Բնակիչները պատմում են, որ Չինարիում վիճակն ավելի վատ է, քան այլուր, Չինարիում պատերազմը դեռ չի ավարտվել: Մանկահասակ երեխաները պատմում են, թե ամեն անգամ, երբ դայակներն ու դաստիարակները բարձր երաժշտություն են միացնում, իրենք գիտեն, որ իրենց վրա կրկին կրակում են:

Մանկապարտեզի շենքը գտնվում է սահմանի հենց դեմ դիմաց, պակաս տեսանելի տեղում չէ նաեւ դպրոցի շենքը: Չինարիի մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Աղասյանը եւս հավաստում է երեխաների ասածը, նշելով, որ նրանց մի մասը կրակոցների ձայնը լսելուց վախենում է ու լացում, մի մասն էլ` ոչ: Սահմանամերձ այս գյուղում խնդիրները շատ են, լուծումները` քիչ: Գյուղացիներն այսօր գյուղ այցելած լրագրողներին պատմում էին, որ իրենց մասին խոսվում է միայն նման դեպքերում, իսկ մնացած խնդիրները մատնված են անուշադրության: «Ոչ մի տեղ հաշվի չեն առնում մեր սահմանամերձ բնակիչ լինելը, սահմանամերձ Չինարիից զինվորներին տանում են Ղարաբաղ ծառայության, էնա էդ տղերքը սաղ իրենց կյանքը սահման են պահում»,-ասում են նրանք:

NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը նշեց, որ թեեւ գյուղում խուճապ չկա, սակայն վախի մթնոլորտը դարձել է կենսակերպ. «Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը մոտ 4-5 ժամ խոշոր տրամաչափի գնդացիրներով հրետակոծվել են վերին թաղամասի տները, 17 տուն մասնակի վնասվել է, մայիսի 22-ին ժամը 15:30-ի սահմաններում անասնապահ Սաղոյան Արշալույսի վրա են կրակել, սպանել են նրա ավանակը, վնասել ցլիկին ու ոչխարին, բարեբախտաբար, իրեն բան չի եղել»,-ասաց նա:  Նշենք, որ Չինարիում միայն մայիսին, ըստ համայնքի ղեկավարի, անասունների վրա կրակելու միանգամից մի քանի դեպք է գրանցվել, բարեբախտաբար, այդ փամփուշտները գյուղացուն չեն դիպել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել` 6 զինծառայող (նրանցից մեկն սպա է):

Զոհված զինվորներն են Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը:

Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել միջադեպի կապակցությամբ, որտեղ նշվում է, որ հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներ` հակառակորդը հետ է մղվել:

Նշենք նաեւ, որ վիրավորներից երեքին տեղափոխել են Երեւան:

Պատրաստեց` Էդվարդ Արզումանյանը

Լուսանկարները եւ տեսանյութը` հեղինակի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ