News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանյան ընտրությունների առանձնահատկությունը հասկանալու համար հարկ է հաշվի առնել պատմական իրողություններն ու սուբյեկտիվ գործոնները, որոնք ազդել եւ շարունակում են ազդել երկրի զարգացման վրա:

Այս մասին այսօր` հունիսի 5-ին, Բրյուսելում, Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասեմբլեայի նիստում ունեցած իր ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով, պետք է պատասխանել հարցին, թե ինչպիսի՞ հասարակություն է առկա Հայաստանում եւ ի՞նչ աստիճանի են այստեղ ձեւավորվել նորմալ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ նախադրյալները:

«Նախ՝ Հայաստանը սահմանափակ ռեսուրսներով փոքր երկիր է, որի մեկ շնչին ընկնող ներքին համախառն արդյունքն այսօր կազմում է ընդամենը 3000 դոլար: Պատահական չէ, որ Հայաստանի բնակչության գրեթե 1/3 այսօր գտնվում է աղքատության շեմից ցածր»,-ասել է նա:

«Նախ՝ մենք ունենք ժողովրդավարական հաստատությունների կառուցման եւ զարգացման ընդամենը 20-ամյա պատմություն: Ընդ որում, այդ 20-ամյա պատմության հենց առաջին իսկ տարիներին մենք ունեցել ենք իր չափսերով եւ հետեւանքով աննախադեպ տնտեսական ճգնաժամ, որի արդյուքնում գրեթե 70 տոկոսով կրճատվել է երկրի ներքին համախառն արդյունքը: Այդ նույն տարիների ընթացքում մեզ պարտադրվել է պատերազմ, որը պահանջում էր մեր ողջ հասարակության ուժերի գերլարումը:

Մենք մեր շարժումը դեպի ժողովրդավարություն սկսել ենք՝ ունենալով խորհրդային ժամանակաշրջանից ժառանգած պետական կառավարման ոչ արդյունավետ եւ լճացած ինստիտուտներ, որոնք հիմնովի փոխելու կարիքն ունեն: Այդ ինստիտուտները դիմադրություն են ծնում ժողովրդավարացման ցանկացած գործընթացի նկատմամբ: Դրանք նաեւ գեներացնում են կոռուպցիոն ռիսկեր եւ նպաստում այդ արատավոր երեւույթի պահպանմանը: Եւ պատահական չէ, որ այսօր Հայաստանի հասարակությունում շատ բարձր է կոռուպցիայի ընկալման ցուցանիշը:

Կարեւոր է նաեւ հաշվի առնել Հայաստանի ժողովրդի քաղաքական մշակույթի առանձնահատկությունը, որը եւս կրում է խորհրդային ավտորիտար անցյալի կնիքը: Թեեւ մեր ժողովրդի քաղաքական մշակույթը անցած տարիների ընթացքում ենթարկվել է հսկայան տրանսֆորմացիայի, սակայն դրան որոշ դեպքերում դեռեւս բնորոշ են այնպիսի դրսեւորումներ, որոնք ցավոք հակացուցված են ժողովրդավարության զարգացմանը:          

Այսպիսով, ունենալով, մեղմ ասած, անբարենպաստ գործոնների նման բեռ, մեր կառավարությունը, հանձն էր առել անցկացնել ընտրություններ, որոնք պետք է որակապես տարբերվեին մեր երկրում անցկացված նախորդ բոլոր ընտրություններից»,-ասել է վարչապետը, հավելելով, որ ՀՀ իշխանությունները գիտակցում են մինչեւ 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունները այդ թերությունները հնարավորինս վերացնելու ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ