News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը շարունակում է մնալ կիսաավտորիտար կառավարում ունեցող  պետությունների շարքում: Այդ մասին ասվում է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից մեկի` Freedom House-ի այսօր հրապարակած հերթական զեկույցում:

«Պետություններն անցումային շրջանում» կոչվող այս փաստաթուղթն ամփոփում է Արեւելյան Եվրոպայի, Բալկանների եւ հետխորհրդային տարածքի 29 պետություններում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված միտումները:

Հատուկ ուշադրության են արժանացել հատկապես ընտրական համակարգերի կենսագործունեությունը, ազատ մամուլի եւ քաղաքացիական հասարակության  վիճակը, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին միտված քայլերը:

Պետությունները հետազոտության հեղինակների կողմից գնահատվել են յոթ բալանոց սանդղակով, որտեղ մեկ միավորը համապաստասխանում է լիարժեք ժողովրդավարության առկայությանը, իսկ յոթ միավորը նշանակում է, որ տվյալ պետությունում ավտորիտար կառավարում է:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ժողովրդավարության մակարդակը Հայաստանում Freedom House-ի մասնագետները գնահատել են 5.39, ինչն աննշան կերպով ավելի լավ է, քան նախորդ տարի արձանագրված 5.43-ը: Այս ցուցանիշով Հայաստանը զգալիորեն զիջում է Վրաստանին, որն այս զեկույցում դասվել է անցումային կամ «հիբրիդային» տիպի պետությունների շարքին:

Ժողովրդավարության զարգացման եւ կայացման առումով Հայաստանից ավելի վատ վիճակում են միայն Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ պետությունները, ինչպես նաեւ Ռուսաստանն ու Բելառուսը. երկրների այս խումբը Freedom House-ը դասել է ավտորիտարների շարքին:

Անդրադառնալով առանձին ոլորտներին տրված գնահատակններին` զեկույցի հեղինակները որոշակի բարելավումներ են նկատում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի առումով: Զեկույցում մասնավորաբար ասված է. «Էլեկտրոնային կառավարության համակարգի ներդրումը Հայաստանում եւ Վրաստանում կարող է դիտվել որպես դրական քայլ`  ուղղված ստորին մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարին»:

Ինչ վերաբերում է մյուս ոլորտներին, ապա մնացած գրեթե բոլոր ցուցանիշները նախորդ տարվա  համեմատ անփոփոխ են: Այսպես, ընտրական գործընթացների` ժողովրդավարական չափանիշներին համապատասխանության առումով Հայաստանի ցուցանիշը, ըստ զեկույցի հեղինակների,  5.75 է, ինչն անգամ ավելի վատ է, քան ավտորիտար պետությունների խմբին դասված Ղրղըզստանում, էլ չասած  հարեւան Վրաստանի կամ միջազգային հանրության մի զգալի հատվածի կողմից չճանաչված Կոսովոյի մասին:

Լրատվամիջոցների անկախության առումով իրավիճակը եւս մխիթարական չէ` այստեղ Հայաստանը նույն մակարդակի վրա է, ինչ Տաջիկստանը:

Ամենաբարվոք ցուցանիշն արձանագրվել է  քաղաքացիական հասարակության կայացման ոլորտում, որտեղ Հայաստանի արձանագրած առաջընթացը համադրելի է Վրաստանի եւ բալկանյան մի շարք պետությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ