News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դրամի արժեզրկման պատճառով ֆինանսական շուկայում նկատվում է վարկերի դոլարիզացիայի աճ: Խնդիրն այն է, որ բանկերը բարձրացրել են դրամային ավանդների եւ վարկերի տոկոսադրույքները, իսկ դոլարային վարկերի տոկոսադրույքները գրեթե չեն փոխվել: Քանի որ փոխարժեքի հետ կապված սպասումներն անորոշ են, բիզնես միջավայրը նախընտրում է վարկ վերցնել համեմատաբար կայուն փոխարժեք ու հուսալիի համբավ ունեցող ամերիկյան դոլարով: Սակայն դա չի երաշխավորում ֆինանսական կորուստներից, եթե դրամի արժեզրկումը շարունակվի (վարկը մարելիս դոլար գնելու համար ավելի շատ դրամ է ծախսվում): ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք դոլարային վարկեր էին վերցրել ու հիմա մարումներ են իրականացնում, դրամի արժեզրկման պատճառով զգալի կորուստներ ունեն:

Մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.6 մլրդ դրամ (համարժեք է մոտ 72 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 57.6 մլն ԱՄՆ դոլար:  Մեծամասամբ` շաբաթական կտրվածքով բանկերի կողմից արտարժույթով տրամադրած վարկերի ծավալը չի գերազանցում 50 մլն դոլարը (օրինակ` նախորդող շաբաթում կազմել է մոտ 41 մլն դոլար):

Նշենք, որ դոլարային վարկերի նկատմամբ պահանջարկի աճն իր հերթին նպաստում է դրամի թուլացմանը, քանի որ բիզնեսն արտարժույթի նկատմամբ հավելյալ պահանջարկ է ստեղծում (փոխարժեքը ենթարկվում է ձնագնդի էֆեկտին): Անցնող շաբաթվա ընթացքում, երբ դոլարի փոխարժեքը հասել էր իր առավելագույն նիշին վերջին 6 տարում,  արտարժույթի շուկայում բանկերը վաճառել են 102 մլն դոլար, որը բավական բարձր ցուցանիշ է, իսկ նախորդ շաբաթվա ցուցանիշը գերազանցում է 12 մլն դոլարով: Բնակչությունն, ընդհակառակը, գրեթե չի ավելացրել բանկերին վաճառվող դոլարի քանակությունը` մոտ 72 մլն դոլար:

Այսպիսով` դրամի անկանխատեսելի արժեզրկման բացասական հետեւանքներից մեկը  դոլարիզացիայի աճն է, դրամի` որպես երկարաժամկետ գործիքի նկատմամբ վստահության անկումը:

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ