News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բնակչության շրջանում Հայաստանից արտագաղթելու ցանկությունը զուտ  հայկական ֆենոմեն չէ, այլ բնորոշ է ողջ մարդկությանը, եւ դրա ապացույցն է վերջերս բրիտանական The Sun թերթի հրապարակած ուսումնասիրությունը  Մեծ Բրիտանյիայից արտագաղթել ցանկացողների վերաբերյալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:

Նրա խոսքով`  The Sun-ում հրապարակված ուսումնասիրության համաձայն, երկիրն անվերադարձ լքել ցանկացողների թիվը` բնակչության 40 տոկոսն է: Երկիրը լքելու պատճառներից նշվում են կյանքի դժվար պայմանները, գործազրկությունը, եղանակային պայմանները, քրեածին իրավիճակը եւ  այլն: Որպես նախընտրելի երկրներ արտագաղթի համար բրիտանացիները նշել են Ավստրալիան, ԱՄՆ, Կանադան եւ Նոր Զելանդիան:

Այդ առումով զուգահեռ անցկացնելով Հայաստանի եւ Բրիտանիայ միջեւ` Գ. Եգանյանը նշեց, որ  երբ 2010 թվականին Gallup-ը ԱՊՀ երկրներում արտագաղթի ցանկությունների մասին հետազոտություն էր կատարել, պարզվել էր, որ Հայաստանում բնակչության 39 տոկոսը ցանկանում է արտագաղթել եւ հնարավորության դեպքում մշտական բնակություն հաստատել այլ երկրներում, իսկ 44 տոկոսն էլ ցանկություն է հայտնել ժամանակավոր աշխատել արտերկրում. Նմանատիպ ցուցանիշ էր ստացվել նաեւ Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցում. երիտասարդների 36.8 տոկոսը ցանկություն է  հայտնել ընդմիշտ բնակություն հաստատել արտերկրում:

Ընդ որում, հայերը նախընտրում են եվրոպական երկրները, ԱՄՆ` հաշվի առնելով այնտեղի մեծ հայկական համայնքը, Ռուսաստանը, որի հետ չկա վիզայի ռեժիմ: 

«Երբ 2010 թվականին հրապարակվեցին Gallup-ի հետազոտության արդյունքները եւ պարզվեց, որ Հայաստանի բնակչության 39 տոկոսը ցանկանում է ընդմիշտ մեկնել երկրից, ու այդ առումով,  ԱՊՀ երկրների շրջանում Հայաստանն ամենաբարձր ցուցանիշն ունի, բավականին թեժ քննարկումներ եւ սուր հարցրադրումներ եղան: Այդ հարցը շատ հաճախ դիտարկում ենք զգայական տեսանկյունից: Մինչդեռ դա զուտ հայկական երեւույթ, ֆենոմեն չէ: Մարդկությունը միշտ` իր ծագման շրջանից սկսած ավելի լավ պայմաններում ապրելու համար վայրից վայր է տեղափոխվել»,- ասաց Գ. Եգանյանը:

Նրա խոսքով` եթե Մեծ Բրիտանիայի նման բարձր կենսամակարդակ ունեցող երկրում բնակչության 40 տոկոսը ցանկանում է ընդմիշտ լքել երկիրը, ապա դա վկայում է այն մասին, որ մարդիկ ձգտում են ապրուստի ավելի լավ պայմաններ ունենալ եւ դա կապում են նոր վայրում իրենց հաստատվելու հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ