News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասում անվտանգության վերաբերյալ Ժնեւյալ քննարկումների հերթական` 20-րդ հանդիպումը կայացել է հունիսի 7-8-ին, որին մասնակցել են Աբխազիայի, Հարավային Օսիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ ԵՄ-ի ներկայացուցիչները:

Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սուխումի եւ Ցխինվալի ներկայացուցիչները իրենց կտրուկ անհամաձայնությունն են հայտնել ԱՄՆ-ի եւ ԵՄ մի շարք երկրների որոշմանը` ճանաչել չեզոք փաստաթղթերը, որը Թբիլիսին առաջարկում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակչությանը:

Հիշեցնենք, որ Թբիլիսին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակչությանն առաջարկում է «չեզոք կարգավիճակ» ունեցող նոր անձնագրեր` առանց Վրաստանի պետության խորհրդանիշների: Նման փաստաթղթեր ստանալը չի նշանակում ստանալ Վրաստանի քաղաքացիություն: Մոսկվան դա ծուղակ է համարում, որով Վրաստանն ուզում է խաբել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչներին: Ռուսական կողմը նշում է, որ այդ փաստաթղթերում «երկրի կոդը» տողում երեւում է, որ խոսքը Վրաստանի մասին է, բացի այդ փաստաթղթերը տրամադրում է Վրաստանի ՆԳՆ-ն:

«Այդ նախաձեռնության նպատակը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի փուլային ինտեգրումն է Վրաստանի կազմում: Նման նախաձեռնությունները հղի են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ»,-ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Թբիլիսիում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշել էր, որ ԱՄՆ դեսպանատունը մոտ ժամանակներս կսկսի չեզոք փաստաթղթերի ընդունում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչների համար, ովքեր ցանկանում են այցելել ԱՄՆ:

Ժնեւյան քննարկումների հաջորդ հանդիպումը կայանալու է այս տարվա հոկտեմբերին: Այս հանդիպումները տեղի են ունենում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ ԵՄ-ի համատեղ նախագահությամբ` Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի մասնակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ