News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ  Աբրահամյանն այսօր` հունիսի 9-ին, ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին: Հանդիպմանը ներկա էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը գոհունակությամբ  փաստել է, որ վերջին տարիների ընթացքում հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը եւ փոխգործակցությունը ձեռք են բերել դինամիկ բնույթ:

«Հայաստանը կարեւորում է Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացումը  թե երկկողմ եւ թե  բազմակողմ ձեւաչափերով: Հայ-գերմանական համագործակցությունը մենք դիտում ենք որպես կարեւոր բաղադրիչ Հայաստանի  եվրաինտեգրման քաղաքականության  ընդհանուր համատեքստում` հաշվի առնելով Գերմանիայի ծանրակշիռ դերը Եվրամիության կառույցներում»,-նշել է Աբրահամյանը: ԱԺ նախագահի համոզմամբ`  երկու երկրների միջեւ հարաբերությունների սերտացման գործում մեծ դեր է վերապահված խորհրդարաններին եւ այդ համատեքստում կարեւորվեց  միջխորհրդարանական կապերն աշխուժացնելու, պատգամավորական բարեկամության խմբերի աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը, միջազգային կազմակերպություններում երկուստեք հետաքրքրություն ներակայացնող հարցերի շուրջ համագործակցությունը:

ԱԺ նախագահի խոսքով ` Հայաստանը մեծապես շահագրգռված է Գերմանիայի հետ առեւտրատնտեսական կապերի շարունակական զարգացմամբ ու խորացմամբ:

Ռուպրեխտ Պոլենցը շնորհակալություն հայտնել է ջերմ ընդունելության համար եւ շնորհավորել Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Նա նույնպես կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների  էլ ավելի զարգացումը եւ խորացումը:

Հանդիպման ընթացքում անդրարդարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ հայ- թուրքական հարաբերություններին: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, խաղաղ բանակցային ճանապարհով եւ հավատարիմ է իր այդ դիրքորոշմանը: Պարոն Պոլենցի համոզմամբ, նույնպես հիմնախնդիրը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակում:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news