Ղարաբաղյան հիմնախնդիրը չի նպաստում տարածաշրջանում անվտանգությանը: Այդ մասին, այսօր` հունիսի 11-ին, հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն:
Ըստ նրա` տարածաշրջանում անվտանգությունը բավականին փխրուն է: Միջազգային հանրությունը դա հիանալի գիտի: «Ես համոզված եմ, որ հիմնախնդրի բոլոր անդամ երկրները գիտակցում են, թե ինչքան բարդ է այդ հարցը, թե ինչ հետեւանք կարող է այն ունենալ տարածաշրջանի համար, թե ինչքան ցավալի հարց կարող է այն դառնալ, այդ թվում նաեւ տարածաշրջանում պետությունների զարգացման առումով: Այդ պատճառով էլ ես համոզված եմ, որ երկու պետություններն էլ իրավիճակի գնահատման մեջ սթափ կլինեն եւ բոլոր միջոցները կձեռնարկեն անվտանգության ապահովման համար», - հայտարարել է Կալանդաձեն, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:
Ըստ նրա` այսօրվա փխրուն անվտանգության պայմաններում տարածաշրջանում միշտ կա իրադարձությունների սրացման տեսական սպառնալիքը, որի նկատմամբ տարածաշրջանում պետք է զգոն լինել: «Համոզված եմ, որ զգայուն են հիմնախնդրի երկու կողմն էլ», - հայտարարել է Կալանդաձեն եւ ավելացրել, որ երկու պետությունների հետ էլ Վրաստանն ունի ինտենսիվ կապեր: