News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մամուլի ազատության վերաբերյալ Freefom House միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն, ոչ մի երկիր լիարժեք ազատ չէ: Այս մասին, հունիսի 6-7-ին Բրյուսելում, Եվրախորհրդարանում Ռուսաստանի եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հրավիրված սեմինարի ընթացքում նշեց  ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նշենք, որ Հայաստանից Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի միջնորդությամբ սեմինարին մասնակցում էին 7 լրագրողներ, որոնց շարքում էր նաեւ NEWS.am-ի թղթակիցը:

Շտեֆան Ֆյուլեն ոչ ազատ երկրների շարքում հատկապես առանձնացրեց Ադրբեջանը, Հայաստանը եւ Բելառուսը, Ռուսաստանը եւս զերծ չմնաց բացասական գնահատականներից: Նրա խոսքով, Վրաստանում, այդ առումով, դրական տեղաշարժ է նկատվել:

Ֆյուլեն մտահոգիչ համարեց աճող հսկողությունը լրատվամիջոցների նկատմամբ` առանձնացնելով Ադրբեջանը եւ Հայաստանը, հավելելով, որ ինքը ցնցված է Ադրբեջանում լրագրողների նկատմամբ ճնշման եւ հետապնդման փաստերի առնչությամբ:

Ֆյուլեի խոսքով, երբ հայտնի է դարձել, որ Ադրբեջանում պետք է անցկացվի «Եվրատեսիլ» մրցույթը, իրենք ասել են, որ ամբողջ ուշադրությունը կենտրոնանալու է Ադրբեջանի վրա, ինչը առիթ է այդ երկրի իշխանությունների համար` ցույց տալու, որ ազատ երկիր են եւ բաց Եվրամիության համար: Սակայն Շտեֆան Ֆյուլեն նկատեց, որ իր կարծիքով Ադրբեջանն այնքան էլ չօգտագործեց այդ հնարավորությունը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ֆյուլեն նշեց, որ վերջին մի քանի ամիսների օրինակը ցույց տվեց, թե ինչպես լրագրողները կարող են համակերպվել երկրում ստեղծված իրավիճակին, ինչը շատ վատ է: Վերջում նա նշեց, որ Եվրամիությունը 26 մլն եվրոյի բյուջե է նախատեսել, որից Եվրամիության երկրները կարող են օգտվել խոսքի ազատության եւ ժողովրդավարության հաստատման աշխատանքներ իրականացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ