News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հարցազրույցը ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ եւ Արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Էյմոն Գիլմորի հետ:

Պարոն Գիլմոր, որո՞նք են Իռլանդիայի գերակայությունները եւ պլանները 2012թ. երկրորդ կեսի համար:

Մեր նախագահության գերակայությունները նախատեսված են ամբողջ տարվա համար, այնպես որ մենք շարունակում ենք այն, ինչ սկսել էինք մինչեւ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելը: Հայաստան եւ Ադրբեջան իմ այցի պատճառներից մեկն է քննարկել քաղաքական ղեկավարության հետ, թե ինչպես կարելի է հասնել առաջընթացի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

Սա կարեւոր գերակայություն է ինձ համար: Ես լավ գիտեմ հակամարտության ավերիչ արժեքը. այն անդրադառնում է ոչ միայն այն մարդկանց վրա, ովքեր գտնվում են շփման գծի շրջակայքում, այլ նաեւ բոլոր քաղաքացիների վրա: Իմ երկիրը տարիներ շարունակ տառապել է հակամարտությունից: Ես հպարտ եմ, որ Իռլանդիայի եւ Միացյալ Թագավորության քաղաքական առաջնորդների հետ միասին մենք կարողացանք հակամարտությունը վերածել հաջողված խաղաղ գործընթացի:

ԵԱՀԿ-ում մեր նախագահության ընթացքում մենք որոշ առաջընթաց ենք ունեցել Մերձդնեստրյան հակամարտության կարգավորման գործընթացում: Պաշտոնական բանակցությունները վերսկվել են անցած տարվա վերջին եւ երկու ամիս առաջ կողմերը համաձայնել են բանակցություններ վարելու սկզբունքների եւ ընթացակարգերի շուրջ: Սա կարեւոր քայլ է:

Մեկ այլ գերակայություն է ինտերների ազատությունը: Այսօր ինտերնետը հաղորդակցման կենսական գործիք է, որը թույլ է տալիս միլիոնավոր մարդկանց իրականցնել իրենց ազատ արտահայտվելու իրավունքը: Մյուս շաբաթ /հունիսի 18-ին/ ես կհյուրընկալեմ կարեւոր համաժողով, որտեղ քաղաքական գործիչները, դիվանագետները եւ քաղաքացիական հասարակության, պետական եւ մասնավոր հատվածի փորձագետները  կքննարկեն, թե ինչպես պահպանել ինտերնետը որպես ազատ եւ բաց ռեսուրս ԵԱՀԿ տարածաշրջանում հաղորդակցության եւ տեղեկատվության համար:

Տնտեսական ոլորտում մենք շարունակում ենք խթանել անվտանգությունը եւ կայունությունը արդյունավետ կառավարման միջոցով` հատուկ ուշադրություն դարձնելով կոռուպցիայի դեմ պայքարին, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման միջոցառումներին: ԵԱՀԿ այլ մասնակից պետությունների հետ միասին մենք փոխանակում ենք լավագույն փորձը: Ապրիլին Իռլանդիան ներկայացրեց մեր Քրեական ակտիվների գործակալության աշխատանքը` որպես հնարավոր մոդել այլ երկրների համար:

Մենք արդեն կես տարի է ինչ նախագահում ենք ԵԱՀԿ-ում եւ շատ մեծ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն հաջորդ վեց ամսվա վրա, այլ նաեւ կազմակերպության հետագա աշխատանքներին: Ուկրաինայի գալիք նախագահության, ինչպես նաեւ Շվեյցարիայի եւ Սերբիայի ապագա նախագահությունների հետ մենք սերտորեն աշխատում ենք գերակայությունների վրա, որոնք տարածվում են մինչեւ 2015թ.:

Իռլանդիան ԵԱՀԿ-ում իր նախագահության ժամանակ բազմիցս հայտարարել է սառեցրած հակամարտությունների կարգավորման հարցում աջակցելու իր պատրաստակամության մասին: Ի՞նչ քայլեր են հնարավոր այս ուղղությամբ, եւ ինչպե՞ս եք դուք տեսնում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

Բռնության սրացումը չի կարող պատասխան լինել: Առաջին քայլն է զերծ մնալ ուժի կիրառումից կամ սպառնալիքից եւ ձեռնպահ մնալ պատասխան միջոցառումներից: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն /Ֆրանսիա, Ռուսաստան եւ ԱՄՆ/ ակտիվորեն աշխատում են հրադադարի ամրապնդման վրա, ինչպես նաեւ բանակցությունների միջոցով լուծում գտնելու վրա եւ ԵԱՀԿ նախագահությունը լիովին աջակցում է նրանց ջանքերին:

Իռլանդիայի մեր փորձը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է քայլերի համադրություն շատ տարբեր ոլորտներում` իրական առաջընթացի հասնելու համար:  Դժվար է եւ պահանջում է առաջնորդական հմտություններ եւ խիզախություն բոլոր կողմերից: Այդ տարածքներում ապրող մարդիկ արժանի են ունենալու խաղաղություն եւ կայունություն, այլ ոչ թե փխրուն եւ անկայուն ստատուս քվո:

Ձեր կարծիքով, ինչքանո՞վ է կարեւոր ստեղծել վստահության մթնոլորտ կողմերի միջեւ, եւ այս համատեքստում ի՞նչ եք կարծում Ադրբեջանի կողմից շարունակական ռազմատենչ հայտարարությունների եւ սպառազինման, ինչպես նաեւ դիպուկահարներին շփման գծից հեռացնելու մերժման մասին:

Վստահության եւ հավատի ձեւավորումը միակ ճանապարհն է հասնելու հակամարտության կայուն կարգավորմանը: Սա պահանջում է ժամանակ  եւ ջանքեր բոլոր կողմերից` ստեղծելու համապատասխան պայմաններ: Սա պետք է զուգահերաբար կատարվի տարբեր մակարդակներում: Անհրաժեշտ են մարդկանց անմիջական շփումների շատացում եւ հստակ ջանքեր` պաշտամունքի, մշակույթի վայրերը եւ գերեզմանոցները պահպանելու ուղղությամբ: Անհրաժեշտ է բոլոր կողմերի քաղաքական ղեկավարությունների միջեւ երկխոսության եւ հաղորդակցման ավելացում: Հաջողված գործընթացը պետք է ներառական լինի:

Ռազմական տեսանկյունից անհրաժեշտ է զինադադարի մասին համաձայնագրի հետեւողական կիրառում: Բոլոր կողմերը, բոլոր դերակատարները պետք է խուսափեն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից եւ պատասխան քայլերից: Որպես վստահության ձեւավորման եւ նոր զոհերի կանխարգելման կարեւոր քայլ` ԵԱՀԿ-ն բազմիցս կոչ է արել երկու կողմերին հեռացնել դիպուկահարներին շփման գծից եւ համաձայնության գալ շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմի վերաբերյալ:

Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս զինադարարի խախտման շարունակական աճ: Այս առումով, ինչպիսի՞ն է իրավիճակը` կապված ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անդրեյ Կասպրշիկի կողմից շփման գծում միջադեպերի հետաքննության հետ` ելնելով բարձր մակարդակով ձեռք բերված համաձայնություններից:

Նախագահները 2011թ. մարտին Սոչիում իրենց հանդիպման ընթացքում համաձայնել են հետաքննություն անցկացնել շփման գծում տեղի ունեցող միջադապերի վերաբերյալ` Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Համանախագները ներկայացրել են իրենց առաջարկը կողմերին, սակայն վերջիններս դեռ չեն ներկայացրել իրենց կարծիքը դրա վերաբերյալ: Դեսպան Կասպրշիկը չունի համապատասխան մանդատ կամ միջոցներ զինադադարի խախտման դեպքերի հետաքննություն իրականացնելու համար:

Ձեր կարծիքով, ինչքանո՞վ է թույլատրելի երբ ԵԱՀԿ մեկ մասնակից պետություն փորձում է մեկուսացնել մեկ այլ ԵԱՀԿ մասնակից պետության` չթողնելով նրան մասնակցել տարածաշրջանային ծրագրերին:

ԵԱՀԿ-ն աշխատում է կամրջել պետությունների եւ ժողովուրդների միջեւ եղած տարբերությունները: Մեր աշխատանքի միջոցով մենք խթանում ենք համագործակցությունը քաղաքական, ռազմական, տնտեսական, բնապահպանական եւ մարդու իրավունքների հարցերի շուրջ որպես անվտանգության էական տարրերի:

Ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում Իռլանդիան որպես ԵԱՀԿ նախագահող երկիր` կանխարգելելու նոր հակամարտությունները ԵԱՀԿ սահմաններին մոտ` Սիրիայում եւ Իրանում:

Ամրապնդելով անվտանգությունը ԵԱՀԿ տարածաշրջանում` մենք օգնում ենք մեր մասնակից պետություններին նաեւ ուժեղացնելու անվտանգությունը իրենց հարեւանությամբ: Սիրիայի եւ Իրանի իրավիճակով զբաղվում են այլ կազմակերպություններ, քանի որ նրանք գտնվում են ԵԱՀԿ տարածքից դուրս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ