News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կառավարության նոր կազմում առանձնակի փոփոխություններ չեն լինի նաեւ մարզպետների դեպքում: Այսպես, NEWS.am-ին հայտնի է դարձել, թե որ մարզպետները կշարունակեն պաշտոնավարել եւ որոնք կփոխվեն:

Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` մարզպետների զգալի փոփոխություններ սպասվում են 2013թ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Իսկ մինչ այդ մարզպետների պաշտոնում կշարունակեն պաշտոնավարել Արագածոտնում`  Սարգիս Սահակյանը, Արարատում` Էդիկ Բարսեղյանը, Արմավիրում` Աշոտ Ղահրամանյանը, Լոռիում` Արթուր Նալբանդյանը, Կոտայքում` Կովալենկո Շահգալդյանը, Շիրակում` Աշոտ Գիզիրյանը, Սյունիքում` Սուրեն Խաչատրյանը եւ Տավուշում` Արմեն Ղուլարյանը:

Քանի որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոալիցիա չի կազմել եւ հրաժարվել է  բոլոր պաշտոններից, իսկ Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետներ Սերգեյ Բագրատյանը եւ Նվեր Պողոսյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել, նրանց փոխարեն կնշանակվեն այլ մարդիկ:

Այսպես, մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Վայոց Ձորի մարզպետ կնշանակվի Վայքի քաղաքապետ, ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանը, իսկ Գեղարքունիքի մարզպետ` ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի նախագահին, որն ընդունվել է: Դրանից հետո Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին նշանակել է վարչապետ, իսկ գործող նախարարներն այս պահի դրությամբ նախարարի պաշտոնակատարներ են: Սերժ Սարգսյանի հրամանագրերով` Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը եւ Արմեն Երիցյանը համապատասխանաբար նշանակվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր Կառավարության մոտավոր կազմը, մասնավորապես` ապագա նախարարներին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ