News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունիսի 4-ից Christian Solidarity International (CSI) կազմակերպության հրավերով Շվեյցարիայում գտնվող թուրք հայտնի գիտնական Թաներ Աքչամը հանդիպումներ է ունեցել երկրի տարբեր պաշտոնյաների ու խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի հետ, ներկայացրել է իր նոր գրքի ֆրանսերեն հրատարակությունը,  հանդես եկել բանախոսություններով: Այցը լայնորեն լուսաբանվել է շվեյցարական մամուլում:

Հունիսի 4-ին Թաներ Աքչամը Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետում դասախոսություն է կարդացել «Օսմանյան պետական փաստաթղթերը հայերի վերաբերյալ 1915թ-ին. նոր հետազոտություններ» թեմայով: Հունիսի 6-ին Ցյուրիխի Գլոկընհոֆ հյուրանոցում CSI-ի կողմից կազմակերպված հանդիպմանը Աքչամը հանդես է եկել ելույթով` «Մարդկության դեմ ուղղված երիտթուրքերի հանցագործությունը. Հայոց ցեղասպանությունը եւ էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» խորագրով: Հանդիպումը վարում էր CSI-Շվեյցարիայի մասնաճյուղի ղեկավար Բենջամին Դոբերշթայնը:

Հունիսի 7-ի կեսօրին գիտնականը Բեռնում հանդես է եկել բանախոսությամբ` «Հայոց ցեղասպանություն. աճող ընկալում Թուրքիայում եւ միջազգային քաղաքականության դերը» թեմայով: Նույն օրը երեկոյան թուրք գիտնականը ելույթով հանդես է եկել Ժնեւի Սբ. Ժերվե (St-Gervais Geneve) սրահում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ դեսպանության աշխատակիցները, միջազգային կազմակերպությունների եւ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ, հայ-թուրքական հարաբերություններով հետաքրքրված բազմաթիվ շվեյցարացիներ: Հանդիպումը վարել է շվեյցարահայ հետազոտող եւ լրագրող Վիկեն Չեթերյանը:

Երկժամյա հանդիպման առաջին կեսում գիտնականը հանդես է եկել «Հայոց ցեղասպանությունը եւ ժողովրդավարությունը Թուրքիայում» ելույթով, որին հաջորդել է հարցուպատասխան ներկաների հետ:

Հունիսի 8-ին թուրք գիտնականը Բեռնում մասնակցել է հայերենով եւ թուրքերենով կազմակերպված հանդիպմանը, որի ընթացքում ցուցադրվել է «Արարատ» ֆիլմը, Թ. Աքչամը ներկայացրել է իր նկատառումները եւ պատասխանել ներկաների հարցերին: Հանդիպումը վարել է Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության համանախագահ Սարկիս Շահինյանը:

Հունիսի 9-ին Ցյուրիխում Թ. Աքչամը հանդիպել է թուրքախոս հասարակայնության հետ:

Նշենք, որ թուրք պատմաբան եւ սոցիոլոգ Թաներ Ակչամը ծնվել է 1953թ. Արդահանում: Առաջին թուրք գիտնականներից մեկն է, ով բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Սովորել է Անկարայի Մերձավորարեւելյան տեխնիկական համալսարանը` կառավարում եւ տնտեսություն մասնագիտությամբ: 1988թ-ին շարունակել է իր գործունեությունը եւ աշխատել Համբուրգի սոցիալական հետազոտությունների ինստիտուտում:  Ներկայումս ԱՄՆ-ի Մասաչուսեթսի Քլարք համալսարանի պատմության պրոֆեսոր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ