News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական համալսարանում  իրավագիտություն եւ միջազգային հարաբերություններ մասնագիտությունների գծով նախատեսված չեն անվճար ուսումնառության տեղեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ահազանգեցին մի շարք ուսանողներ, այնինչ ՀՀ Սահմանադրության հոդված 39-ի համաձայն` յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով: Նշված դրույթն ամրագրված է նաեւ «Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 6-ի 3-րդ մասում եւ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդվածի 5-ի 3-րդ մասում: Քաղաքացու սահմանադրական այդ իրավունքը, երաշխավորված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի  28 հոդվածի 6-րդ մասով, համաձայն, որի բարձրագույն ուսումնական հաստատությունը ՀՀ կառավարության կողմից իրեն հատկացված  ընդունելության ընդհանուր տեղերի շրջանակներում կարող է ձեւավորվել ուսանողական համակարգի անվճար  եւ վճարովի չափաքանակներ` յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսելով անվճար ուսումնական տեղեր` առնվազն տասը 10 տոկոսի սահմաններում:

Մինչդեռ Երեւանի պետական համալսարանում  իրավագիտություն եւ միջազգային հարաբերություններ մասնագիտությունների գծով նախատեսված չեն անվճար ուսումնառության տեղեր:

Ուսանողները խնդրի մասին ահազանգել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Վերոնշյալ դեպքը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում գտնվում է քննության փուլում: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խնդրի վերաբերյալ նամակով դիմել է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

NEWS.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց պարզաբանում լսել նաեւ ԵՊՀ-ից, սակայն մեզ փոխանցեցին, որ տեղերը կառավարությունն է հաստատում, հետեւաբար կառավարությունը պետք է պարզաբանում տա ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Կրթության եւ գիտության նախարարության լրատվական վարչության պետ Արթուր Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ 2010թ-ից պետությունը վերանայել է ըստ մասնագիտությունների  պետպատվերի ներդրումը եւ հիմնականում տնտեսագիական, մանկավարժական, լեզուների մասնագիտություններով մինչեւ 60 տոկոս կրճատվել է պետպատվերի տեղերը: Իսկ Իրավագիտություն եւ Միջազգային հարաբերություններում պետպատվերի տեղեր չեն նախատեսել: Պետպատվերի այդ բոլոր տեղերը ուղղորդվել են պետության կողմից գերակայություն համարվող մասնագիտությունների վրա: Դրանք են հայագիտական, ագրարային, բնագիտական գիտությունների, արվեստի մասնագիտությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտությունների գծով:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ հետագայում վերանայվեն այդ որոշումները, նա պատասխանեց. «Այդ որոշումները ամեն տարի վերանայվում են, ըստ պետության կողմից հաստատված գերակայության շրջանակների»:

Տպել
Ամենաշատ