News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանին հունիսի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Հելսինկյան Ասոցիացիայից հայտնում են, որ հատկանշական է, որ Ա.Վեզիրյանին մեղադրանք առաջադրվել է այն բանից հետո, երբ պաշտպան Ն.Կարապետյանցը միջնորդել էր  որպեսզի Տ. Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվի՝ ավելացնելով ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածը: Սակայն միջնորդությունը մերժվել էր, ինչի վերաբերյալ պաշտպանը բողոք էր բերել Շենգավիթ վարչական շրջանի դատախազին, որը առանց որեւէ պատճառաբանության անհիմն մերժվել էր, փոխարենը մի քանի օր անց մեղադրանք է առաջադրվել Ա. Վեզիրյանին: Պաշտպան`Ն.Կարապետյանցը  համոզված է, որ Ա. Վեզիրյանի կարգավիճակը փոխելով տուժողից մեղադրյալի՝ դատախազությունը եւ ոստիկանությունը փորձում են հոգեբանական ճնշում գործադրել եւ այսպիսով ստիպել Ա. Վեզիրյանին հրաժարվել իր բողոքից: Այս երեւույթը մեկ անգամ եւս փաստում է, որ ՀՀ-ում արվում է ամեն ինչ, որպեսզի ավելորդ անգամ չքննարկվի ընտրությունների ընթացքի հետ կապված որեւէ երեւույթ: 

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ժամը 18:30-ի սահմաններում  ԱԺ  նախընտրական  շրջանում Հայ ազգայի կոնգրեսի թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչների կողմից քարոզչանյութեր բաժանելու ժամանակ, Շենգավիթ վարչական շրջանի Սեդրակ Սարգսյան փողոցի սեփական տներից մեկի դիմաց  Տիգրան Մանուկյանը հարվածել էր Հելսինկյան Ասոցիացիայի ներկայացուցիչ Արման Վեզիրյանի դեմքին (որը տվյալ վայրում գտնվում էր նախընտրական շրջանում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով): ՀԱԿ-ի ակտիվիստը տեղեկատվական բուկլետներից մեկը դրել էր սեփական տներից մեկի մուտքի մոտ,  այդ պահին տանից դուրս է եկել 45-ին մոտ մի տղամարդ եւ գոռգոռալով՝ ասել. «Էսի հըլը վեկալեք ու ռադ ըլեք ստեղից»: Բուկլետ դնող երիտասարդը ներողություն է խնդրել տղամարդուց,  այս ամենի ականատես Ա.Վեզիրյանը մոտեցել է բուկլետը վերցնելու համար: Տղամարդը հայհոյանքներ է տեղացել վերջինիս հասցեին, այնուհետեւ բռունցքով երկու անգամ հարվածել է իրավապաշտպանի դեմքին, Վեզիրյանը պատասխան հարված չի տվել:

Միջադեպի առնչությամբ «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը զանգահարել է ՀՀ ոստիկանության թեժ գիծ, որը չի պատասխանել, այնուհետ կապվել են օպերատիվ խմբի հետ, որտեղից տեղեկացել են, որ միջադեպի մասին կիրազեկեն Շենգավիթի ոստիկանության բաժին:  «Հելսինկյան Ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանի հետ Ա.Վեզիրյանը ոստիկանների հրավերով մեկնել է բաժին, որտեղ արվել է հանցագործության մասին հաղորդում եւ դիտորդին տրվել է դատաբժշկական ուղեգիր: Մայիսի 1-ին Ա. Վեզիրյանը Հելսինկյան Ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանցի հետ գնացել են դատաբժշկի մոտ, ով արձանագրել է Վեզիրյանի վնասվածքները:

Մայիսի 15-ին Շենգավիթ վարչական  շրջանի ոստիկանության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Կ.Շառոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ եւ Տ.Մանուկյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

Մայիսի 25-ին Հելսինկյան Ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանցը միջնորդություն է ներկայացրել Շենգավիթ շրջանի ոստիկանության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Կ. Վ. Շառոյանին Տ.Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացնելու մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս արարքը պարունակում է ոչ միայն ՀՀ քրեական  օրենսգրքի 118 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, այլ նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ:

Տպել
Ամենաշատ