News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնը ոչ մի կերպ չի խոչընդոտում, գուցե նույնիսկ նպաստում է շփման գծում ադրբեջանական ագրեսիային: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, փորձագետ Անդրեյ Արեշեւը:

«ԱԱՄՆ-ի թողտվությունը բաց չի արտահայտվում, դա արվում է դաշնակից երկրների օգնությամբ: Օրինակ, Վաշինգթոնը փակել է աչքերը Ադրբեջանի կողմից խոշոր քանակի իսրայելական զենք գնելու փաստի առաջ, իսկ Իսրայելն ԱՄՆ դաշնակիցն է: Հայտնի է նաեւ տարածաշրջանում ԱՄՆ-ի այլ դաշնակցի` Թուրքիայի դիրքորոշումը, որը վերջերս ավելի հաճախ է հանդես գալիս ԼՂ կարգավորման վերաբերյալ, բացահայտ կերպով հանդես գալով Ադրբեջանի կողմից»,-ասաց Արեշեւը: Նա նշեց, որ ԱՄՆ ռազմավարությունը Հարավային Կովկասում, տվյալ դեպքում, ոչնչով չի տարբերվում հայտնի մեթոդից, որը Վաշինգթոնը կիրառում է ամբողջ աշխարհում, մասնավորապես, Մերձավոր Արեւելքում: Այն հանգում է հետեւյալ բանաձեւին. «շագանակներ կրակից` ուրիշի ձեռքերով»:

Որպես օրինակ քաղաքագետը բերեց Սիրիայի օրինակը: «Սիրիայում գործում են վարձկաններ, որոնք եթե նույնիսկ ուղիղ չեն ֆինանսավորվում ԱՄՆ-ի կողմից, ապա օգտվում են ԱՄՆ-ի դաշնակից երկրների աջակցությունից: Ղարաբաղի հարցում նույնն է:

Սպիտակ տնից խաղաղ կարգավորման, հակամարտության ծավալման անթույլատրելիության կոչեր են հնչում, սակայն ԱՄՆ դաշնակիցներից մեկը 1,6 մլրդ դոլարի զենք է վաճառում Ադրբեջանին»,-ասաց նա:

Արեշեւը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ը փորձում է Ղարաբաղի խնդիրը լուծել իր սխեմաներով, որի վկայությունն է այն, որ Քլինթոնը խոսում է կարգավորման «նոր մոտեցումների» մասին, որոնք առաջարկվելու են կողմերին Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ: «Դժվար է ասել, թե ինչի մասին է խոսքը. Եթե խոսքը հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի տեղակայման մասին է, ապա այնքան էլ պարզ չէ, թե ինչպես է դա հնարավոր առանց Հայաստանի, Ադրբեջանի եւ հատկապես Լեռնային Ղարաբաղի համաձայնության»,-ասաց քաղաքագետը:

Հարցին, թե ինչպիսին է այս ամենի հանդեպ Մոսկվայի դիրքորոշումը եւ ինչ քայլեր նա կարող է անել, Արեշեւը պատասխանեց, որ Ռուսաստանը այսօր գտնվում է բավական բարդ իրավիճակում: «Ռուսաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կանգնած են Սիրիայի եւ Իրանի հարցերը: Հսկայական ճնշում է գործադրվում, որ Մոսկվան զիջի Սիրիայի հարցում, բարդ է վիճակը նաեւ Իրանի հարցում, որի հետեւանքով Մոսկվան թուլացրել է ուշադրությունը Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի տարածաշրջանների նկատմամբ: Մյուս կողմից Ռուսաստանը երբեք էլ ԼՂ հարցում չի ունեցել «հսկիչ փաթեթ»,-ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի սադրանքներին եւ Հայաստանի արձագանքին, Արեշեւը նշեց, որ հայերը պետք է համարժեք պատասխան տան, այլ ելք չկա, թեեւ Հայաստանի ղեկավարությունը հասկանում է, որ ռազմական գործողությունների վերսկսումը չի բխում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ էլ բոլոր այն երկրների շահերից, ովքեր ներգրավված են հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Նա կարծք հայտնեց, որ թեւ իրավիճակը լարված է շփման գծում, սակայն այն դեռ հեռու է այն կետից, երբ այլեւս հետ վերադարձ հնարավոր չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ