Ամստերդամի համալսարանի «հատուկ հավաքածուների» տնօրինությունը ' Նիդերլանդների թագավորությունում հայաստանի դեսպանության հետ համատեղ նախաձեռնել է ցուցահանդեսի կազմակերպում նվիրված Հայ գրքի տպագրության 500-ամյակին:
Dear Angel նիդերլանդական կազմակերպության մամուլի բաժնից հայտնում են, որ Ամստերդամի համալսարանի դահլիճում բազմաթիվ ներկաներին, այդ թվում միջոցառմանը հրավիրված հայ համայնքի անդամներին ու այլ երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ողջունել է Ամստերդամի հավաքածուների ժառանգության տնօրեն Ստեֆ Սխոլտեն: Այնուհետեւ Օքսվորդի համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտություների դոկտոր պրոֆեսոր Թեո Վան Լինթը ելույթ է ունեցել լեզվի կարեւորությունը հայկական մշակույթի համար» թեմայով:
Նպատակային էր նաեւ երաժշտական ընդմիջումը: Նիկոլայ Ռոմանչուկի, Լիլիթ Սաթիի եւ Սվետլանա Աղաջանյանի կատարումներով, հնչել են հայ միջնադարյան երաժշտական նմուշներ ըստ Նարեկացիի եւ Շնորհալիի տաղերի, կատարվել են Կոմիտասի եւ Վանանդեցիի ստեղծագործություններից:
Հնադարյան հայ մշակույթի գրերի արվեստի մասին իր հիացական խոսքը ներկաներին է ուղղել Ամստերդամի համալսարանի եւ բարձրագույն դպրոցների ղեկավարների խորհրդի նախագահ, դոկտոր պրոֆեսոր Լուիզ Խենինգ Սխեպերսը, ով «հայ գրատպության սփյուռքը 1512-2012թթ.» հոլանդիայում նոր տպագրված գրքի առաջին օրինակները հանձնել է Հայաստանի եւ Նիդերլանդների մշակույթի եւ այլ նախարարությունների ներկայացուցիչներին:
Պատասխան ողջյունի խոսք է ասել Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, ով պատմել է հայերեն հրատարակված առաջին գրքերի մասին: Նա Ամստերդամի համալսարանին է նվիրել Վենետիկում Հակոբ Մեղապարտի կողմից առաջին անգամ հրատարակված հայ տպագիր գրքի («Ուրբաթագիրք») մի կրկնօրինակ ,Անին մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակի առթիթով լույս է տեսած «Անի» եւ «Սեւ գիրք»-նշանաւոր օտարերկրացիները թուրքական ոճիրների եւ Հայոց ցեղասպանութեան մասին 1894-1923» գրքերը:
Այնուհետեւ համալսարանի դահլիճից հրավիրվածներին ուղեկցել են «Հատուկ հավաքածուներ» թանգարան: Վերջերս Հայաստանից բերված ցուցանմուշները համալրել են թանգարանում խնամքով պահվող, Ամստերդամում տպագրված հայատառ գրքերը: Ավելացվել են նաեւ նմուշներ այլ երկրներում լույս ընծայված հրաշալի մանրանկարներով զարդարված ձեռագրեր,որոնք լրացնում են Ամստերդամի հայ համայնքի պատմությունը:
Հատկապես 17-րդ դարում է ծաղկում ապրել հայ տպագրությունը Նիդերլանդներում: Հոլանդացի վարպետները ստեղծում էին գեղեցիկ տառաձուլվացքներ ու տպագրում հայերեն գրքեր Եվրոպայում եւ այլուր բնակվող հայերի համար:
«Հայ գրքի սփյուռքը.1512-2012թթ.» անունը կրող ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչեւ այս տարվա սեպտեմբերի 9-ը, բացի երկուշաբթի օրերից: