News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում, հունիսի 15-ին ժամը 19:00-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Խանջյան դահլիճում տեղի կունենա Մեծ Բրիտանիայի  ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա հանդիսությունը:

Ամեն տարի հունիսին Երեւանում Բրիտանական դեսպանատունը նշում է Միացյալ Թագավորության միապետի ծննդյան պաշտոնական օրը: Այս տարի այն նշանավորում է Թագուհի Եղիսաբեթ II-րդի գահակալության 60-ամյակը՝ Ադամանդե Հոբելյանը: Այդ առիթով հանդիսության պատվավոր հյուրն է լինելու Նորայր Մակարյանը, ով ներկա է եղել Լոնդոնում թագադրման պատմական իրադարձությանը: Նա միակ հայն էր 1200 սովետական նավաստիներից, ովքեր 1952 թվականին Սվերդլով հածանավից ողջունել են երիտասարդ Թագուհուն:

Տոնակատարության շրջանակներում կցուցադրվեն Եղիսաբեթ 2-րդի թագադրման եւ նավատորմի (այդ թվում նաեւ Սվերդլով հածանավի) հանդիսավոր երթի արխիվային կինոֆիլմերը:

Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան նաեւ տեսնել թե ինչպես է ստեղծվում նկարիչ-դիզայներ Տաթեւ Մնացականյանի աշխատանքը՝ նվիրված Եղիսաբեթ II-րդի գահակալության 60-ամյա հոբելյանին:

Երեւանի բնակիչները Ադամանդե Հոբելյանի տոնակատարությունից նույնպես անմասն չեն մնա. հունիս ամսվա բոլոր շաբաթ եւ կիրակի օրերին Թագուհու եւ նրա պահակախմբի զգեստով դերասաններ կշրջեն Երեւանի այգիներում: Նրանք ներկա կգտնվեն նաեւ հունիսի 15-ին՝  Գաֆեսճյան արվեստի կենտրոնում անցկացվող հանդիսությանը:

Միջոցառմանը մասնակցելու եւ հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Բրիտանական դեսպանատան Հաղորդակցության գծով ղեկավար Մարիա Սադոյանին` 091416179 հեռախոսահամարով:

Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ II-ը ծնվել է 1926թ. ապրիլի 21-ին: Նա գահ է բարձրացել 1952 թվականին, երբ ընդամենը 25 տարեկան էր։ Թագուհու ծննդյան պաշտոնական տոնակատարությունը նշվում է հունիսին, ընդ որում ամեն անգամ տարբեր օրեր՝ կախված եղանակից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ