News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դրամի արժեզրկումը բացասաբար է անդրադարձել Հայաստանի ֆինանսների նախարարության կողմից թողարկվող պետական պարտատոմսերի եկամտաբերության մակարդակի վրա: Պարտատոմսերի եկամտաբերությունը բարձրանում է, իսկ դա նշանակում է լրացուցիչ բեռ պետական բյուջեի վրա: Մայիսի 10-ից հետո, երբ դրամի արժեզրկումը կտրուկ աճեց, ֆինանսների նախարարության հայտարարած բոլոր աճուրդներում պարտատոմսերը գնանշվում են ավելի բարձր, քան ապրիլյան աճուրդներում: Այնուամենայնիվ` պարտատոմսերի եկամտաբերությունը դեռ չի հասել հունվարյան ռեկորդային բարձր մակարդակներին, երբ նույնիսկ կարճաժամկետ պարտատոմսերը գնանշվում էին 10%-ից բարձր եկամտաբերությամբ:

Բերենք մի քանի օրինակներ: 26շաբաթյա պարտատոմսերի միջին եկամտաբերությունը հունիսի 11-ի աճուրդում կազմել է 8.4529%, մայիսի 14-ի 8.3%-ի համեմատ; Սակայն հունվարի սկզբներին այս ժամկետի պարտատոմսերը գնանշվել են անգամ 11%:

52շաբաթյա պարտատոմսերը հունիսի 6-ին գնանշվել են 9.2789 %-ով: Մայիսի սկզբներին դրանք արժեին 9.2489 %, իսկ փետրվարին` 10.5 %-ից ավելի:

Ամենաթանկն իրացվում են երկարաժամկետ պարտատոմսերը` մոտ 15.5 %-ով: Փետրվարի համեմատ այս ժամկետի պարտատոմսերը թանկացել են մոտ 0.1%-ով:

Չմոռանանք, որ պարտատոմսերի բարձր տոկոսները հանդիսանում են Եվրոպայի պարտքային ճգնաժամի պատճառներից մեկը: Հայկական պարտատոմսերի եկամտաբերությունը ներկայում համահունչ է Հունաստանի պարտատոմսերի եկամտաբերությանը, որոնք միջազգային վարկանշային գործակալությունների կողմից ճանաչվել են ամենառիսկայինը: Ի տարբերություն Հունաստանի` Հայաստանի պետական բյուջեն պարտատոմսեր թողարկելու խիստ անհրաժեշտություն չունի, քանի որ կարող է դրանց փոխարեն օգտագործել մոտ 100 մլրդ դրամի հասնող ազատ միջոցները:

Ներկայում շրջանառության մեջ են գտնվում 200 մլրդ դրամից ավելի պարտատոմսեր: Միայն տոկոսավճարների համար 2012 թ. պետական բյուջեից նախատեսված է վճարել 26.2 մլրդ դրամ, ինչը մոտ 5 մլրդ դրամով գերազանցում է արտաքին պարտքերի տոկոսավճարներին: Առաջիկա տարիներին ներքին պարտքի մարումների գծով վճարումները կտրուկ կավելանան, թեեւ սպպասվում է, որ կենսաթոշակային ֆոնդերի ստեղծումից հետո հսկայական միջոցներ կուղղվեն դեպի պետական պարտատոմսերի շուկա: Հայաստանն աստիճանաբար թեքվում է պետական պարտքի այնպիսի կառուցվածքի, երբ ներքին պարտքը գերազանցելու է արտաքին պարտքին:

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ