News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին դեպքը, երբ մի երթուղայինի վարորդ ծեծելով սպանել է մեկ այլ երթուղայինի վարորդի՝ ուղեւոր «փախցնելու» պատճառով,  իրականում հասարակական տրանսպորտի բնագավառում տիրող անօրինականությունների հետեւանքն է: Այս բովանդակությամբ հայտարարություն են տարածել հայաստանյան մի քանի հասարակական կազմակերպություններ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Սահմանադրությամբ մարդու արժանապատվությունը դասվում է որպես բարձրագույն արժեք: Որպես իրավական եւ սոցիալական պետություն` Հայաստանի կառավարությունը իր քաղաքացիների առջեւ պարտավորություն է ստանձնել ապահովելու արժանապատիվ եւ անվտանգ միջավայր: Սակայն տարբեր բնագավառներում դրսեւորվող ապօրինությունները, ոլորտների իրավական կարգավորման նպատակային բացակայությունը, հարկատուներիս գումարներով սնվող չինովնիկների կամայակութունները բերում են ողբերգական հետեւանքների:

Վերջին դեպքը, երբ մի երթուղայինի վարորդ ծեծելով սպանել է մեկ այլ երթուղայինի վարորդի՝ ուղեւոր «փախցնելու» պատճառով,  իրականում հասարակական տրանսպորտի բնագավառում տիրող անօրինականությունների հետեւանքն է:

Վարորդները, գերշահագործվելով երթուղային տաքսիների «գծի տերերի» կողմից, զրկված են մարդու տարրական իրավունքներից` չունեն աշխատանքային պայմանագրեր, հանգստի եւ առողջապահական իրավունքներ, անպաշտպան են գծի տիրոջ կամայականությունից: Նրանք չեն ստանում կայուն աշխատավարձ եւ իրենց օրական հասույթից գծի տիրոջը վճարում են 15,000-25,000 դրամ: Սա այն պարագայում, երբ մեր տեղեկություններով գծի տերերը պետությանը վճարում են ամսական ընդամենը 30,000 դրամ հաստատագրված վճար, ինչը զավեշտալի ցածր դրույքաչափ է եւ գծի տերերի համար ապահովում է գերշահույթներ: Այս ոլորտի նկատմամբ չկան նաեւ հասարակական վերահսկողական գործուն մեխանիզմներ:

Վերը նշվածին զուգահեռ, խախտվում են նաեւ հասարակական տրանսպորտից օգտվողների իրավունքերը, քանի որ տարրական անվտանգությունն ու պայմանները ապահովված չեն, թերի է նաեւ օրենսդրական դաշտը, ինչը թույլ է տալիս իրականացնել կամայականություններ՝ վտանգելով վարորդների կյանքն ու առողջությունը, եւ խախտելով քաղաքացիների սահմանադրական իրավունքերը:

Անհասկանալի է նաեւ, թե ինչու է քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը իրականացնում գծերի բաշխման աճուրդ, որ իրավական ակտի համաձայն, ինչ պահանջներով, ովքեր են գծատերերը: Հարցերը եւ խնդիրները բազմաթիվ են, եւ այս հայտարարությամբ չենք պատրաստվում բոլորին անդրադառնալ: Մի բան հաստատ է` այս ոլոտում եւս կոռուպցիան հասել է պետական անվտանգությանը սպառնացող մակարդակի:

Մենք` ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ հետայսու ծավալելու ենք նպատակաուղղված եւ հետեւողական պայքար քաղաքային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները վեր հանելու եւ լուծելու, ոլորտում օրինականություն եւ կարգուկանոն հաստատելու համար: Կոչ ենք անում յուրաքանչյուր մտահոգված քաղաքացու համալրել մեր շարքերը եւ պայքարելու սեփական իրավունքերի պաշտպանության համար:

Միասին մենք ավելիին կարող ենք հասնել»:

Հայտարարությունը ստորագրել են`

Հայաստանի սպառողների ասոցիացիա ՀԿ

«Աքիլես» ԱԻՊԿ ՀԿ

Սոցիալական ներգրավվածության եւ աջակցության կենտրոն հանուն հավասարության ՀԿ

Էկոլոգիական հասարակական դաշինք

Արժանապատիվ տրանսպորտ քաղաքացիական նախաձեռնություն

Տպել
Ամենաշատ