News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԼՂՀ պաշտոնական պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, հունիսի 11-ից գտնվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում:

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը եւ ԱԳՆ բազմակողմ հարաբերությունների վարչության պետ Արմինե Ալեքսանյանը: Պատվիրակությունը Լոնդոն է ժամանել հայ-բրիտանական բարեկամության բազմակուսակցական խորհրդարանական խմբի հրավերով:

Այցի առաջին աշխատանքային օրը Միացյալ թագավորության Լորդերի պալատում ԼՂՀ պատվիրակությունը մասնակցել է հայ-բրիտանական բարեկամության խմբի տարեկան ժողովին, որն այս տարի հոբելյանական էր` ի նշանավորումն խմբի կազմավորման 20-ամյակի: Բացելով հանդիպումը՝ հայ-բրիտանական բարեկամության խմբի ղեկավար բարոնուհի Քերոլայն Կոքսը ողջունել է Արցախի ներկայացուցիչներին եւ իր տպավորությունները ներկայացրեց վերջերս Արցախ կատարած այցելությունից:

Պատասխան խոսքում Արցախի խորհրդարանի նախագահ Ա. Ղուլյանը ողջունել է բրիտանացի խորհրդարանականներին եւ շնորհակալություն հայտնել նրանց` Արցախի ժողովրդի հոգսերով ապրելու, երիտասարդ հանրապետությանն ըստ ամենայնի աջակցելու եւ տարբեր ծրագրերի իրականացման գործում իրենց ներդրումը բերելու համար: Այնուհետեւ նա բրիտանացի խորհրդարանականներին ներկայացրել է Արցախի հանրապետության 20 տարիների ձեռքբերումներն ու հաջողությունները` պետականաշինության, տնտեսական զարգացման եւ ժողովրդավարական արժեքների արմատավորման ու ամրապնդման գործում, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի ու հնարավոր զարգացումների մասին ղարաբաղյան կողմի տեսակետները եւ պատասխանել ներկաների հարցերին:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը, ով նույնպես իր շնորհավորական խոսքն ուղղել է բրիտանացի պատգամավորներին:

Հունիսի 12-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ելույթ է ունեցել Լոնդոնի համալսարանի Արեւելքի եւ Աֆրիկայի ուսումնասիրությունների ինստիտուտում` «Կովկասում կայունության եւ առաջընթացի հեռանկարները. խաղաղությունը եւ պետականաշինության գործընթացը Լեռնային Ղարաբաղում» թեմայով: Հանդիպմանը մասնակցել են դասախոսներ եւ ուսանողներ, ինչպես նաեւ Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչներ: Բանախոսությունից հետո Արցախի խորհրդարանի նախագահը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացին, տարածաշրջանային համագործակցության խոչընդոտներին, հետխորհրդային տարածքի երկրների միջեւ կապերին, ԼՂՀ-ում իրականացվող բարեփոխումներին եւ օտարերկրյա ներդրումների պաշտպանվածությանը:

Այնուհետեւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի պատվին, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանի մասնակցությամբ, Մեծ Բրիտանիայում Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդ Վահան եպիսկոպոս Հավհաննիսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է ընդունելություն, որին հրավիրված էին բրիտանահայ կառույցների ղեկավարները: ԼՂՀ պատվիրակության անդամներն իրենց խոսքում կարեւորել են Սփյուռքի հայկական կազմակերպությունների համակողմանի աջակցությունը, ինչի շնորհիվ Արցախը հաջողությամբ դիմագրավում է ներկա մարտահրավերները եւ շեշտադրեցին դրանք շարունակելու անհրաժեշտությունը: Պատվիրակության այցը Լոնդոն շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ