News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանի հարցազրույցը NEWS.am-ին.

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործունեությանը:

Դա միանշանակ դրական երեւույթ է: Քաղաքական առումով խաղաղապահ առաքելության մեջ ներգրավվածությունը բարձրացնում է մեր երկրի միջազգային վարկանիշը: Դա նշանակում է, որ մենք անտարբեր չենք միջազգային անվտանգության խնդիրների նկատմամբ, որ Հայաստանը պատրաստ է իր լուման ունենալ խաղաղության հաստատման այն քաղաքական գործընթացներին, որոնք հանգեցնում են հակամարտության գոտիներում իրավիճակի նորմալացմանը: Մյուս օգտակար կողմն այն է, որ մեր զինվորականները ոչ միայն սեփական պորֆեսիոնալիզմը բարձրացնելու, այլեւ անհրաժեշտ շփումներ հաստատելու, մեր երկիրն արտերկրում ներկայացնելու շատ լավ հնարավորություն են ունենում:

Հայաստանը նաեւ ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության մեջ ներգրավվելու լուրջ մտադրություններ ունի: Նման հնարավորություն ապագայում մեզ կարող է ընձեռել նաեւ ՀԱՊԿ-ն:

Մոտ ժամանակներում սպասվո՞ւմ է  միջազգային խաղաղապահ գործունեությանը Հայաստանի մասնակցության ձեւաչափի փոփոխություն:

Մեզնից անկախ պատճառներով` 2011թ. դեկտեմբերին Հայաստանի խաղաղապահ առաքելությունը յոթնամյա ժամկետից հետո դուրս բերվեց Կոսովոյից: Դա պայմանավորված էր Հունաստանի ֆինանսական դժվարություններով. մեր զինվորականները ծառայում էին հունական գումարտակի կազմում: Ներկայումս մենք ակտիվ բանակցություններ ենք վարում, որպեսզի Հյուսիս-ատլանտյան դաշինքի երկրներից մեկի հետ գործակցությամբ վերադառնանք Միջազգային խաղաղապահ ուժերի կազմ:

Ինչ վերաբերում է Աֆղանստանին, ապա հայկական ուժերի առաջին տեղակայումը Կունդուզում տեղի ունեցավ 2010 թ-ին: Ինչպես գիտեք, ՆԱՏՕ-ն արդեն որոշում է կայացրել հիմնական կոնտինգենտը 2014 թ-ի վերջին դուրս բերելու մասին: Մեր դիրքորոշումը, որի մասին վերջերս հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Չիկագոյի գագաթնաժողովում,  հետեւյալն է. մենք մնում ենք երկրում  մինչ այդ ժամկետի ավարտը, իսկ 2014 թ-ից հետո կշարունակենք մեր կարողությունների չափով աջակցություն ցուցաբերել Աֆղանստանի իշխանություններին:

Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի աշխատանքը ՀԱՊԿ-ի,  Արագ արձագանքման հավաքական ուժերի /ԱԱՀՈՒ/ ինստիտուտի զարգացման հարցում:

Հայաստանը ՀԱՊԿ-ի շատ ակտիվ անդամ է: Մենք ոչ միայն ընդունել եւ վավերացրել ենք կազմակերպության շրջանակում  մի շարք համաձայնագրեր, այլեւ ինքներս ենք հանդես գալիս ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններով եւ նախաձեռնություններով: Դա, մասնավորապես, վերաբերում է կառուցվածքային փոփոխություններին, ինտեգրման ավելի բարձր մակարդակին ուղղված քայլերին, ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանը... «Հենց ՀՀ ղեկավարության ամենաակտիվ աջակցությամբ ՀԱՊԿ շրջանակում մի շարք կարեւոր որոշումներ ընդունվեցին, անցկացվեցին լուրջ միջոցառումներ, մասնավորպես համաձայնեցվեցին ԱԱՀՈՒ ձեւավորման վերաբերյալ բարդ փաստթղթերը»,-նշել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Վերջին շրջանում ակտիվացել են միջազգային կազմակերպությունների շրջանակում դիրքորոշումների համակարգման աշխատանքները: Անցակացվում են խորհրդակցություններ եւ համաձայնեցվում են տարբեր թեմաներով համատեղ հայտարարություններ, այդ թվում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի օրակարգային հարցեր:

Այս տարի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ կազմակերպությանը կից առանձին դիվանագիտական առաքելություն է բացվել, ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ է նշանակվել Արա Բադալյանը: Մեր ներկայացուցիչներն ակտիվ ներգրավված են քարտուղարության աշխատանքներում:

Ի՞նչ ուղղությամբ է զարգանում ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը` հաշվի առնելով, որ հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ դաշինքին անդամության խնդիր չի դնում:

ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները հրաշալի են: Դրանք հաստատվել են 1990-ականների սկզբին: Պետք է առանձնահատուկ նշեմ, որ այդ հարաբերությունները առաջընթաց զարգացում են ունեցել գործակցության ոլորտների ընդլայնման  տարբեր մակարդակներով, ներառյալ` ամենաբարձր:

2006 թ-ից մենք երկկողմ համագործակցության ծրագրային լուրջ բազա ունենք: Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համաձայնեցվել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (IPAP): Մենք վերջերս սկսեցինք  ծրագրի երրորդ շրջափուլի իրականացումը: Դա ծավալուն փաստաթուղթ է, որը ներառում է  քաղաքական հարցերը, պաշտպանության ոլորտը, արտակարգ իրավիճակները, գիտությունը:

Հայաստանն ունի ուժեղ, մարտունակ, կազմակերպվածության բարձր մակարդակ ունեցող Զինված ուժեր: Սակայն մեր շուրջը շատ բան է փոխվում: Այն, ինչի մենք հասել ենք, պահպանելու եւ նոր մակարդակի բարձրացնելու համար պետք է բարեփոխումներ իրականացնել: Եվ որպեսզի բարեփոխումներն արդյունավետ լինեն, պետք է ուսումնասիրել առաջավոր փորձը, կիրառել ժամանակակից ձեռքբերումները  եւ դրանք  հարմարեցնել մեր կարիքներին: Դա մասնավորպես վերաբերում է ռազմական ուսուցմանը, պաշտպանության ոլորտում համապատասխան կառույցների վերակազմակերպմանը:

ՀԱՊԿ անդամությունը եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ապահովո՞ւմ են երկրի անվտանգությունը:

Մեր ժամանակներում անվտանգության հասկացությունը բավականին լայն է: Անվտանգության ապահովման հարցում հաջողությունը կախված է գործուն հարաբերակցությունից  եւ դրա տարբեր բաղադրիչների հավասարակշռումից: Հայաստանը կոոպերատիվ անվտանգության սկզբունքն է պահպանում: Մենք ՀԱՊԿ լիիրավ անդամ ենք եւ միանշանակ է, որ այդ կազմակերպությունը մեր անվտանգության հիմնական երաշխավորն է: Մյուս կողմից մենք Հյուսիս-ատլանտյան դաշինքի ակտիվ գործընկեր ենք: Մենք դաշնակցային հարաբերություններ ունենք Ռուսաստանի եւ վստահելի, բարեկամական համագործակցություն` ԱՄՆ-ի հետ:

Մեր պատմական բարիդրացիական հարաբերությունները հյուսիսային եւ հարավային հարեւանների հետ բացառիկ կարեւոր նշանակություն  ունեն մեր անվտանգության մի շարք պարամետրերի ապահովման համար` հաղորդակցության, էներգակիրների մատակարարման: Դիմակայությունների եւ տարբեր ռազմաքաղաքական դաշինքների առճակատումների ժամանակներն անցել են: Մենք պետք է ընդհանուր պլատֆորմ ստեղծենք, որը կմերձեցնի երկրների դիրքորոշումներն անվատնգության խնդիրների տարբեր տեսլականների հետ, եւ միաժամանակ կփորձի բացառել աճռակատումների եւ փեխբացառող մոտեցումենրի վտանգը:

Ինչպիսի՞ն է Հայաստանի մասնակցությունը զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարում: Կարելի՞ է այն գործուն համարել:

Հայաստանն այս ոլորտում գրեթե բոլոր միջազգային պայմանագրերի եւ կոնվենցիաների մասնակից է` Միջուկային զենքի չտարածման պայմանագրի եւ այլն: Միջազգային այս գործիքները նախատեսում են իմպլեմենտացիայի մասին համապատասխան տեղեկատվության տրամադրման որոշակի ընթացակարգեր, եւ հայկական կողմը դրանք հստակ պահպանում է:

Զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարի հարցում գործնական ոլորտում մեր կողմից էական աշխատանք է արվել 2009 թ-ից սկսած: Կատարվել են օրենսդրական փոփոխություններ, 2010 թ-ին ընդունվել է  «Երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողության մասին» նոր օրենքը: Կառավարության կոմից ընդունվել են  համապատասխան որոշումենր` ռազմական նշանակության ապրանքերի արտահանման եւ ներմուծման լիցենզավորման կարգի եւ այլնի վերաբերյալ:

Մենք համագործակցություն  ենք սկսել միջազգային կառույցների, օրինակ, Գերմանիայի տնտեսության եւ արտահանման նկատմամբ վերահսկողության դաշնային գործակալության, ՄԱԿ-ի միջտարածաշրջանային հանցավորության եւ արդարադատության հրացերով հետազոտական ինստիտուտի հետ: Մենք համպատասխան զեկույցներ ենք ներկայացնում ՄԱԿ եւ ԵԱՀԿ: Միջազգային հանրության ուշադրությունն այս հարցի նկատմամբ մեծանում է, եւ այդ չափով ավելանում է նաեւ մեր ներգրավվածությունն ու մասնակցությունը:

Հայաստանը որքանո՞վ է պահպանում ԵՍԶՈւ պայմանգիրը: Հայկական կողմն արդյո՞ք կենսունակ է համարում այս պայմանագիրը:

1992թ. մայիսին պայմանագրին միանալու պահից  Հայաստանն ամբողջությամբ իրականցնում է պայմանագրի պահանջները: Մենք կրճատել ենք այն սովորական սպառազինությունները, որոնք պայմանագրի որոշակի կատեգորիայի տակ էին ընկնում: Հայկական կողմը պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում եւ տեսչական այցեր է ընդունում իր միջազգային պարտավորությունների շրջանակում:

Ցավոք, վերջին տարիներին որոշակի դժվարություններ էին ծագել պայմանագրի լիարժեք իրականացման առումով: Սակայն ուրախալի է, որ ակտիվ խորհրդատվություններ են ընթանում  պայմանագրի արդիականցման շրջանակների որոշման ուղղությամբ: Առայժմ այդ աշխատանքը կոնկրետ արդյունքներ չի տվել: Հայաստանը միանշանակ հանդես է գալիս ԵՍԶՈւ պայմանագրի պահպանման եւ կենսունակության վերականգնման օգտին: Պայմանագրի գործունեության դադարեցումը եւ վակուումի առջացումը սովորական սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ոլորտում հղի է լուրջ բացասական հետեւանքներով:

Ադրբեջանը պարբերաբար խախտում է նշված պայմանագիրը: Կա՞ն տվյալներ` որքանով:

Միանգամայն ճիշտ է. Ադրբեջանը կոպտորեն խախտում է ԵՍԶՈւ պայմանագիրն ու դրանով սահմանված քվոտաները: Ադրբեջանի կողմից պայմանագրի իմպլեմենտացիայի  մասին պաշտոնական տեղեկատվության համաձայն`  2012թ. հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանն իր սահմանված մակարդակը  գերազանցում է սովորական սպառազինությունների երկուսից հինգ կատեգրիաներով. 381 ռազմական տանկ` պայմանագրով սահմանափակված  220-ի եւ հերտանային 516 միավոր` թույլատրված 285-ի փոխարեն:

2011թ-ին Ադրբեջանը նկատելի ավելացրել է իր սպառազինությունները. հրետանու կատեգորիայում` 47 միավորով, մարտական ուղղաթիռների կատեգորիայում`  5 միավորով եւ զրահատեխնիկայի կատեգորիայում` 106 միավորով: Այսպիսով, Ադրբեջանը պաշտոնապես գերազանցել է իր սահմանված մակարդակը նաեւ զրահատեխնիկայի մասով` 287 զրահապատ մեքենա` 220-ի փոխարեն` միտումնավոր կերպով  ձեռնպահ մնալով տվյալ փաստը պայմանագրի շրջանակում ներկայացվող տարեկան տեղեկատվության մեջ ներառելուց: Ադրբեջանը նաեւ  վերջին տարիներին բազմակի անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն (2012թ. այն կազմում է 3,47 մլրդ դոլար):

Մենք մշտապես մեր գործընկեր երկրների, տարբեր կազմակերպությունների  ուշադրությունը հրավիրում ենք այդ փաստերին:

Մարիամ Լեւինա

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ