News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունին: Դեսպանը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Չինաստանի պետական խորհրդի նախագահ Վեն Ցզյա Բաոին շնորհավորական ուղերձը՝ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու եւ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ: 

Ուղերձում ասված է.

«Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո 20 տարիներ շարունակ հայ-չինական հարաբերությունները զարգանում են շարունակական, առողջ եւ կայուն ուղով: Կողմերի միջեւ բարձր մակարդակներում պահպանվում են շփումները, անշեղորեն խորանում է քաղաքական փոխվստահությունը, կողմերն աջակցում են միմյանց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կարեւորագույն հարցերում, մեծ արդյունքների են հասել առեւտրի, ենթակառուցվածքների, մշակույթի, կրթության եւ այլ ոլորտներում համագործակցության հարցերում, առկա են սերտ կապեր եւ փոխգործակցություն միջազգային եւ տարածաշրջանային հարցերում: Համագործակցության երկկողմ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ամրապնդել է երկու երկրների ժողովուրդների բարեկամությունն ու փոխըմբռնումը եւ ի հայտ է բերել երկկողմ համագործակցության նոր հետաքրքրություններ:

Չինաստանի կառավարությունը մեծ կարեւորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին եւ Հայաստանը ընդունում է որպես մեծ բարեկամ եւ լավ գործընկեր: Ձերդ գերազանցություն, չինական կողմը բարձր է գնահատում Ձեր մեծ ներդրումը եւ աջակցությունը հայ-չինական հարաբերությունների եւ երկկողմ գործարար միջավայրի զարգացման գործում:

Նշելով հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ես պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել հայ-չինական հարաբերությունների եւ բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հարցերում նոր հաջողություններ գրանցելու ուղղությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ  ամենայն բարիք Ձեր աշխատանքում»:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կիսում է հայ-չինական հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ Չինաստանի իր գործընկերոջ խոսքերը:  «Մեր երկկողմ եղբայրական ու բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են դինամիկ կերպով: Հայաստանը շահագրգռված է դրանում: Մեր կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերություններն ամրապդնվեն, քանի որ դա բխում է հայ ժողովրդի շահերից»,- նշել է վարչապետը:

«Չնայած ճգնաժամային իրավիճակին ՝Հայաստանի տնտեսությունը շարունակում է զարգանալ, քաղաքական ոլորտում եւս պահպանվում է կայունություն: Ձեր գլխավորած կառավարությունն ու Հանրապետական կուսակցությունը մեծ ավանդ ունեն այս աշխատանքներում: Ուրախ ենք Ձեր հաջողությունների համար»,- ասել է Թիան Չանչունը:

Դեսպանը վստահություն է հայտնել, որ առաջիկայում եւս երկու երկրների միջեւ համագործակցությունը հաջողությամբ կզարգանա տարբեր բնագավառներում: Թիան Չանչունը տեղեկացրել է, որ ներկայում ընթացքի մեջ են Երեւանում չինական դպրոցի բացման աշխատանքները, որը կնպաստի մեր երկրում չիներենի տարածմանն ու զարգացմանը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ներկայում տնտեսական, սոցիալական, կրթական, հումանիտար եւ այլ բնագավառներում իրականացվում են մի շարք համատեղ ծրագրեր: Վարչապետը կարեւորել է երկկողմ նոր նախագծերի մշակումն ու ներդրումը:  

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել նաեւ չինական կողմից տարբեր ոլորտներում պարբերաբար ստացվող օժանադակությունը եւ նշել, որ այն կարեւոր նշանակություն ունի մեր երկրի ու ժողովրդի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ