News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում թռչունների պոպուլյացիայի վիճակը բարելավվել է` կապված ջրային տարածքների ընդլայնման հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Թռչնասերների միության» նախագահ Սիլվա Ադամյանը: Առաջին հերթին դա վերաբերում է Սեւանա լճի ջրավազանի թռչնաշխարհին: Ջրի մակարդակի բարձրացմանը զուգահեռ ավելանում են թռչունների բնադրավայրերը:

Սեւանի ափերի մոտ ճահիճներ են գոյանում, օրինակ` Նորաշենի ճանապարհի մոտ, իսկ դա նպաստում է ճահճային թռչունների բազմացմանը, այդ թվում` Կարմիր գրքում գրանցվածներինը (տարգալակտուց, տառեխների որոշ տեսակներ):

Մտահոգություններ կան կանաչ տարածքների կրճատման պատճառով: Հայաստանում սկսել են պակասել քաղաքամերձ թռչունների երգեցիկ տեսակները: «Ագռավներն ու կաչաղակները Երեւանից դուրս են մղում երգեցիկ թռչուններին, օրինակ, բեղավոր երաժշտահավին, որը ժամանակին եղել է Երեւանում ու հիմա չկա, քանի որ չունի բնադրման հնարավորություն»,- ասաց Ս. Ադամյանը:

Կանաչ տարածքների նոսրացման ու կրճատման պատճառով մի շարք թռչունների կերակրաբազան պարզապես կրճատվում է: Երեւանում արդեն կորցրել ենք մի քանի երգեցիկ թռչունների տեսակներ, ու, ըստ բնապահպանի, էլի կկորցնենք, եթե քաղաքի կանաչ օղակը շարունակի նոսրանալ:

Նմանատիպ խնդիրներ, ըստ Ս. Ադամյանի, առկա են նաեւ հանրապետության անտառաշատ վայրերում, անգամ պահպանվող տարածքներում` Խոսրովի, Շիկահողի արգելոցներում, Դիլիջանի ազգային պարկում եւ այլն: Օրինակ` Դիլիջանի Ազգային պարկում կան արծիվների ու անգղների ունիկալ տեսակներ, սակայն ազգային պարկի ուրբանիզացման գործընթաց է սկսվել: Այսպես` ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն մի մեծ օբյեկտ է կառուցում հենց Դիլիջանի ազգային պարկի տարածքում, ինչը կարող է խոչընդոտել թռչունների միգրացիային: Այդպես եղավ, օրինակ, Դսեղի կայարանի (Լոռու մարզ) մերձակայքում սպիտակագլուխ անգղների հետ, որոնք ճանապարհի ընդլայնման պատճառով, չդիմանալով աղմուկին, հեռացան դեպի Վրաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ