News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

18 տարեկանում ամուսնացած Մառան ամուսնությունից հետո պարզել է, որ իր հետ ամուսնացել են շահադիտական նպատակով, ոչ միայն ֆինանսական առումով, այլեւ որ ինքը քաղցկեղով հիվանդ սկեսուրին եւ սկեսրայրին խնամի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ինքը` Մառան: Նա նշեց, որ ամուսնացել է 1994 թվականին իր եւ նախկին ամուսնու ծնողների միջնորդությամբ:

«Ամուսնությանս առաջին իսկ օրվանից ստիպված էի խնամել քաղցկեղով հիվանդ սկեսուրիս, ավելի ուշ՝ անկողնուն գամված սկեսրայրիս, բայց նրանք, ինչպես նաեւ ամուսինս ոչ միայն չէին գնահատում իմ այդ աշխատանքն ու նվիրվածությունը, այլեւ ինձ վերաբերվում էին որպես ծառայի, առիթ ու անառիթ կոպտում ու դժգոհում արածիցս»,-պատմում է Մառան: Իսկ սկեսուրի ու սկեսրայրի մահվանից հետո ամուսինը ստիպել է, որ կինն իր ծնողներից փող ու նյութական օգնություն խնդրի։ «Ես ամաչում էի ծնողներիս անընդհատ այդ հարցով դիմել, բայց ամուսինս ոչ մի բան չէր ուզում լսել, ծեծում ու հայհոյում էր, չէր թողնում հաց ուտեմ ու տնից դուրս գամ։ Էլ չեմ խոսում այն մասին, որ աջուձախ դավաճանում էր ինձ։ Նույնիսկ սեռական հիվանդությամբ ու քոսով վարակեց, որ չգիտեմ, թե ումից էր վարակվել։ Ամենասարսափելին այն էր, որ նույնիսկ տղաս վարակվեց քոսով»,- վերհիշում է Մառան:

Նրա խոսքով, ծեծուջարդերից հետո քանի անգամ փորձել է «թքել-հեռանալ», բայց վերջնականապես նման որոշում է կայացրել վերջերս, երբ արդեն ամուսնու եղբայրն է համարձակվել ձեռք բարձրացնել իր ու որդու վրա:

«Ամուսինս կողքներս կանգնած, ոչինչ չարեց մեզ պաշտպանելու համար։ Երեխաս այնքան էր ազդվել դրանից, որ մի շաբաթ չէր խոսում ու հաց չէր ուտում»,- ավելացրեց Մառան:

Վերջինս ամուսնալուծվելու հարցով դիմել է Կանանց իրավունքների կենտրոն, որտեղ անվճար իրավաբանական ու հոգեբանական խորհրդատվություն է ստացել, իսկ հոգեբանի հետ շփումներն օգնել են ազատվել զոհի բարդույթից։ «Կենտրոնում ես շատ բան իմացա իմ իրավունքների մասին ու որոշեցի պայքարել դրանց համար։ Ուրախալի էր շատ, որ իմ հոգեվիճակի փոփոխությունը դրական էր ազդում նաեւ տղայիս վրա, ու մենք շատ ավելի մտերմացանք իրար հետ։ Կենտրոնի օգնությամբ ես նաեւ անվճար բուժզննում անցա պոլիկլինիկայում ու սկսեցի վարսավիրություն սովորել։ Ամբողջ եռանդով փորձում էի սովորել այդ գործը, որ հետո կարողանամ իմ ու երեխայիս ապրուստի հարցը լուծել։ Ամուսնությունից հետո  ես ու որդիս հանգիստ ապրում ենք ու մոռացել ենք ծեծուջարդի մասին»,- նշեց Մառան:

Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ