News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ, սակայն նրան պարբերաբար զեկուցում են Վարդան Օսկանյանի շուրջ զարգացումների մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Պարոն Ծառուկյանը Հայաստանում չէ, մեկ-երկու օրից կվերադառնա եւ, բնականաբար, կհանդիպի, բայց նա պարբերաբար հետաքրքրվում է գործի զարգացումներով եւ անընդհատ նրան զեկուցվում է զարգացումների մասին»,- նշեց պատգամավորը:

Վերջինիս խոսքով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտահոգված է այն իրադարձություններով, որ տեղի են ունենում մեր կուսակից Վարդան Օսկանյանի եւ նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ»:

«ԲՀԿ-ն վստահում է իր գործընկերոջը եւ մենք որեւէ հիմք չունենք կասկածելու Վարդան Օսկանյանի հայտարարություններին, որ առ այսօր «Սիվիլիթասը» գործել է  բացառապես օրենքի եւ օրինականության սահմաններում, եւ չենք կասկածում, որ այդ պրոցեսի ընթացքում Վարդան Օսկանյանն ապացուցելու է իր իրավացիությունը: Կարծում եմ, շատ հրապարակային դիրքորոշում է: Ամենայն մանրամասնությամբ մենք հետեւում ենք ողջ գործընթացի զարգացումներին, եւ անհրաժեշտության դեպքում շատ ավելի համապարփակ գնահատականներով հանդես կգանք»,- նշեց Զոհրաբյանը:

Նա նաեւ հրաժարվեց մեկնաբանել Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Լեւոն Զուրաբյանի եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: «Ես ձեռնպահ կմնամ մեկնաբանելու տարբեր գործիչների հայտարարությունները: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի տարբեր դիտակետից սեփական տեսակետը հայտնելու: Թե ինչու են նույն ուժը ներկայացնող գործիչների իրարամերժ հայտարարությունները, դա թերեւս իրենց խնդիրն է, ոչ թե` մեր»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, թե Օսկանյանի դեմ միգուցե քաղաքական հետապնդում է իրականացվում, իսկ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ամենեւին չեմ զարմանա, եթե պարզվի, որ հանցագործ իշխանության երկարամյա ֆունկցիոները, ով Սերժ Սարգսյանի եւ Գորիկ Հակոբյանի հետ համագործակցության մեծ փորձ ունի, խառն է նմանատիպ գործերի մեջ»:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ԱԱԾ-ն քրգործ է հարուցել «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցով առանձնապես խոշոր չափի գումարների լվացման հատկանիշներով, իսկ Վարդան Օսկանյանը երկու անգամ կանչվել է հարցաքննության:

Տպել
Ամենաշատ