News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ 52-ամյա Սամվել Այվազյանը երեկ` հունիսի 13-ի գիշերը դաշտից վերադառնալիս, վարելով «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան, Լուսառատ-Եղեգնավան ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել իր փոքր որդուն` 28-ամյա Տիգրան Այվազյանին, ով տեղում մահացել է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Լուսառատի գյուղապետ Դանիել Հակոբյանը:

Գյուղապետը պատմեց, որ հայրը մեքենայով է եղել, իսկ որդին հեծանիվով: Ավելին` Տիգրանը երեկոյան ավտոմեքենայով գնացել է դաշտ եւ այն թողել հոր մոտ, իսկ ինքը հետ է վերադարձել հեծանիվով: «Հորն ասել է. «Դու հոգնած ես, մեքենայով հետ արի»: Գյուղ չհասած մութ է եղել, հայրը պատահաբար տղային գցել է մեքենայի տակ:

«Դրանից մեծ վիշտ չկա: Մարդ իր թշնամուն չի ցանկանա նման բան: Հոր վիճակը շատ վատ է, շատ, շատ: Մեծ եղբայրն էլ Ռուսաստանում է, հիմա սպասում են, որ գա»,-ասաց գյուղապետը, հավելելով, որ շատ լավ ընտանիք էին եւ զբաղվում էին հողագործությամբ: «Շատ լավ մարդիկ են: Մի եղբայրն էլ դպրոցի ռազմագիտության ուսուցիչն է, եւ ՀՀԿ-ի տեղի երիտթեւի ղեկավարը»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, հայրը ոչ սթափ վիճակում եղած լինի, գյուղապետը պատասխանեց. «Չէ պարզապես հոգնած է երեւի եղել»: Նա նաեւ նշեց, որ Սամվել Այվազյանը ունի 5 երեխա 1 աղջիկ, 4 տղա, իսկ Տիգրանը փոքրն է եղել եւ հորը օգնում էր հողագործության աշխատանքներում: Տիգրանը ամուսնացած չէր:

Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ