News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամառը հանգստյան շրջան է, ու թեեւ բնակչության մեծ մասն արձակուրդ է գնում օգոստոսին, բայց շատերն արդեն որոշել են` որտեղ եւ ինչպես են այն անցկացնելու: NEWS.am-ը հարցում է անցկացրել 15 երեւանցիների շրջանում` հանգիստն անցկացնելու վայրի հետ կապված:

Չնայած Հայաստանում տարատեսակ հանգստյան վայրերի եւ առողջարանների առկայությանը,  հարցվածների մեծ մասն (10 մարդ) իրենց հանգիստը կանցկացնեն երկրի սահմաններից դուրս: Երեքը հայտնեցին, որ հանգիստը կանցկացնեն տանը, իսկ երկուսը` հայրենական առողջարաններում` Սեւանում եւ Դիլիջանում: Որպես հիմնական փաստարկ բերվում է միջին խավի համար նախատեսված ոչ թանկ, բայց հարմարավետ հանգստյան տների բացակայությունը: Միաժամանակ` մեծ մասը հանգստանալու է Վրաստանում եւ միայն երկուսը` Ուկրաինայում եւ Բուլղարիայում:

32-ամյա Արեգի խոսքով` Ծաղկաձորում, Դիլիջանում, Սեւանում կամ Ջերմուկում յոթնօրյա հանգիստը կարժենա առնվազն 1300 դոլար, ընդ որում չես էլ հասցնի հասկանալ, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները: Մինչդեռ նույն 1300 դոլարով կարելի է հանգստանալ Բաթումում` երեք կամ չորաստղանի հյուրանոցում եւ ծովի ափին:

Փորձագետ Սամվել Ավագյանի խոսքով` պաշտոնական վիճակագրության համաձայն` ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին որպես զբոսաշրջիկ Հայաստան է այցելել 105 հազ. մարդ, Հայաստանից նույն նպատակով դուրս է եկել 120 հազ. մարդ, իսկ  երկրի սահմաններում հանգիստն անցկացրել է մոտ 45 հազ. մարդ: «Այսինքն, դրսում հանգստացողները երեք անգամ գերազանցում են երկրի ներսում հանգստացողների թվին»,- ասաց նա` նշելով, որ դրա համար մի քանի պատճառ կա:

Առաջինը, ըստ նրա, այն է, որ երկրում զարգացած չեն միջին խավի համար ծառայությունենր մատուցող ենթակառուցվածքները: Հարեւան Թուրքիայի համեմատ, որտեղ զբոսաշրջային ենթակառուցվածքները  զարգացած են հիմնականում միջին խավին ծառայություննեեր մատուցելու ուղղությամբ, Հայաստանում նպատակ է դրված ծառայություններ մատուցել միայն ապահովված եւ հարուստ մարդկանց:  «Հենց այդ պատճառով է զբոսաշրջային ենթակառուցվածքում անհավասարակշռություն առաջացել: Հանգստյան այն գոտիները, որոնք ծառայություններ են մատուցում հարուստ այցելուներին, շատ զարգացած են եւ չէի ասի, թե անմատչելի են` գները նորմալ են: Սակայն միջին խավին ծառայություններ մատուցելու համար ենթակառուցվածքները վատ են զարգացած»,- նշեց Ավագյանը:

Վրաստանին, Բուլղարիային եւ Թուրքիային նախապատվություն տալու երկրորդ պատճառը Հայաստանում ծովի բացակայությունն է: Նա դրական  համարեց կառավարության կողմից Սեւանում հանրային լողափերի ստեղծման քայլը, որն այլընտրանք է լճի ափերին հանգստացողների համար: «Երկու տարի առաջ Սեւանում հնարավոր չէր անվճար լողափ գտնել: Ինչ վերաբերում է աշխարհագրական այլընտրանքին, ապա պետք է խոստովանել, որ լեռնային լիճը երբեք այլընտրանք չի կարող լինել ծովին»:

Հայ զբոսաշրջիկների կողմից Վրաստանին նախապատվություն տալու հանգամանքը նա բացատրեց վիզային ռեժիմի բացակայությամբ, զբոսաշրջային ենթակառուցվածքների մատչելությամբ, անվտանգությամբ, սեփական մեքենայով կամ գնացքով մեկնելու հնարավորությամբ: Փորձագետը նկատեց, որ Վրաստանի առափնյա զբոսաշրջային ենթակառուցվածքները եւս շատ զարգացած չեն, սակայն նախատեսված են միջին խավի համար, հետեւաբար` մատչելի են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ