News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզի սոցիալական ծառայության Սպիտակ քաղաքի տարածքային գրասենյակում վերջին օրերին բռնկված հրդեհի երկու դեպքերն էլ ծառայության ղեկավարությունը դժվարանում է ասել, դա դիտավորությա՞ն հետեւանք է, թե` անփութության (ֆոտոռեպորտաժ):

«Սա արդեն երկրորդ դեպքն է, որը բոլորին կասկածի տեղիք է տալիս, անձամբ ինձ էլ: Բայց կդժվարանամ ասել, սա անփութություն է, դիտավորություն, թե մեկ այլ բան: Մենք նախորդ հրդեհի օրվանից մինչեւ էսօր տեղափոխվել ենք էստեղ, լարված ռեժիմով աշխատել ենք, որ երկուշաբթի բնականոն հունի մեջ մտնենք ու էլի նույնը կրկնվեց»,-NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Լոռիի մարզի Սպիտակի սոցիալական ծառայության կենտրոնի գլխավոր մասնագետ Աշոտ Նալբանդյանը, հավելելով. «Սա մեր խելքի, մեր մտածելու բանը չի, մասնագետը կարող է որոշել, մենք ընդամենը սոցիալականի մասնագետ ենք, ինչ պատասխան պետք է տամ ես այս շենքի տիրոջը»:

Երեկ հրդեհի ժամանակ հավաքվածները նշում էին, որ սա կարող է դիտավորություն լինել, իսկ մի մասն էլ նշում էր, որ պատճառը հին շինության հոսանքալարերը կարող են լինել:

Թե իրականում որն է սոցիալական ծառայությունների Սպիտակի կենտրոնի հրդեհվելու պատճառը, կտա միայն նշանակված հրդեհատեխնիկական փորձաքննությունը, որը եթե հաստատի դիտավորության վարկածը, գործը կուղարկվի քննչական ծառայություն կամ անմիջապես դատախազություն: Ղեկավարության վստահեցմամբ սոցիալական նպաստ եւ կենսաթոշակ ստացող քաղաքացիները կատարվածից չեն տուժի:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր Լոռիի թղթակիցը, հունիսի 9-ին հրդեհ էր բռնկվել Սպիտակ քաղաքի խնկոյան փողոցում գտնվող սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի Սպիտակի տարածքային գրասենյակում: Դեպքի վայր էր մեկնել 3 մարտական հաշվարկ, շինությունը լուրջ վնասներ էր կրել, այրվել էր տանիքը, միջանցքը, գրասենյակները, լուրջ վնասվել էր նաեւ փաստաթղթային արխիվն ու համակարգիչները:

Բնականոն աշխատանքը շարունակելու համար հատկացվել էր նախկին գյուղքոլեջի փայտե շինության շենքը, որտեղ  երեկ` հունիսի 13-ին կրկին հրդեհ էր բռնկվել: Այս անգամ էլ շինությունն ու ներսում գտնվող գույքը լուրջ վնասներ է կրել հրդեհից: Նշանակվել է հրդեհատեխնիկական փորձաքննություն: NEWS.am-ը հետեւողական է լինելու Սպիտակ քաղաքը եւ հարակից 20 գյուղերը սպասարկող կառույցում տեղի ունեցածի մանրամասներին:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի

Տպել
Ամենաշատ