News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 14-ին, առավոտվանից Արաբկիրի ոստիկանության բաժին է տարվել 114 համարի երթուղայինի 8 վարորդ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց 114 համարի երթուղու տնօրեն Բաբկեն Առաքելյանը:

Նա նշեց, որ իրենց վարորդներին այնտեղ պահում են անօրինական, ոչ ցուցմունք են վերցնում, ոչ էլ պարզաբանում են, թե ինչ նպատակով են այնտեղ, բայց շատ խիստ հսկողության տակ են, նույնիսկ զուգարան գնալիս ուղեկցում են:

Բաբկեն Առաքելյանը պատմեց, որ  մի քանի ամիս առաջ դեպք էր պատահել, մի կին, իջնելով երթուղայինից, վերարկուի փեշը «բռնել էր դուռը» ու նա ընկել էր: Այդ մասին նրանք իմացել էին համացանցից, դրանից հետո իրենց վարորդներին եւ իրեն կանչել են Ճանապարհային ոստիկանություն, հարցաքննել եւ այդպես` տեսնելով, որ իրենք չեն, բաց էին թողել: Սակայն նորից մի քանի օր հետո նրանց կանչել էին Արաբկիրի ոստիկանության բաժին  եւ, տնօրենի պատմելով, ստիպել, որ գործն իրենց վրա վերցնեն, քանի որ այն չբացահայտված է: «Մենք չենք վերցրել, քանի որ դա մենք չենք: Սկզբից ասում էին, որ դեղին «ԳԱԶԵԼ» է եղել, մենք դեղին մեքենա չունենք, դուռը բացովի է, բայց մենք բացովի դռնով մեքենա չունենք, հիմա էլ ասում են, թե սպիտակ մեքենա է»,- նշեց Բաբկեն Առաքելյանը:

Դրանից հետո եւս մի քանի անգամ նրանց տարել-բերել են Ճանապարհային ոստիկանություն, Արաբիկի ոստիկանական բաժանմունք` ստիպելով «գործը վերցնել իրենց վրա», սակայն նույնիսկ փորձաքննությունն է ցույց տվել, որ այդ դեպքն իրենց մոտ չի եղել:

Այժմ 114 երթուղին փակ է, վարորդները` ոստիկանական բաժանմունքում, նրանք չգիտեն, թե ում դիմեն, ինչ անեն:

Ոստիկանության լրատվական ծառայությունից այս դեպքի առնչության հայտնեցին, որ նրանց հարուցված քրեական գործի շրջանակներում հրավիրել են բաժին:

Ավելի ուշ NEWS.am-ին հայտնի դարձավ, որ վարորդներին երեկոյան ժամը 19-ի սահմաններում ազատ են արձակել:

Տպել
Ամենաշատ