News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՊՆ ղեկավար կազմի եւ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, այսօր` հունիսի 14-ին, այցելել է ՊՆ Կենտրոնական հավաքակայան` 2012թ. գարնանային զորակոչի ընթացքին եւ իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հավաքակայանում Սեյրան Օհանյանը ծանոթացել է զորակոչիկների բուժզննման գործընթացին, զրուցել է զորակոչիկների, նրանց ծնողների ու հարզատների հետ, պատասխանել է նրանց հուզող հարցերին:

Սեյրան Օհանյանը նշել է, որ զինված ուժերի համալրումը ժամկետային զինծառայողներով կարեւորագույն գործընթաց է ոչ միայն ՀՀ պաշտպանական գերատեսչության, այլեւ ամբողջ հանրապետության համար, ուստի զորակոչն ամենայն ուշիմությամբ վերահսկվում է` նախկինում ի հայտ բերված թերացումները չեզոքացնելու, զորակոչի գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու, թափանցիկությունն ապահովելու, ինչպես նաեւ ֆիզիկապես եւ հոգեպես անառողջ երիտասարդների զորակոչը բացառելու համար: Կարեւորելով արդարության եւ օրինականության մթնոլորտում զորակոչի կազմակերպման գործընթացը` պաշտպանության նախարարը հավելել է, որ իր կողմից խիստ հրահանգներ են տրվել զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու համար՝ հաշվի առնելով զորակոչվողների ֆիզիկական պատրաստվածությունը, մասնագիտական ու կրթական ունակությունները: «Զորակոչի անցկացման գործընթացում տարեցտարի մենք ունենում ենք շոշափելի արդյունքներ: Զորակոչի աշխատանքները որակապես բարելավվում են բոլոր ուղղություններով»,- ասել է Սեյրան Օհանյանը եւ հավելել, որ ՀՀ զինված ուժերի համալրման հետ կապված խնդիրներ չկան, ԶՈւ ստորաբաժանումների համալրում ժամկետային զինծառայողներով  իրականացվում է ըստ պլանի:

Պաշտպանության նախարարն ազգային բանակ զորակոչվող երիտասարդներին մաղթել է անվտանգ ծառայություն, իսկ նրանց ծնողներին` համբերատարություն եւ միաժամանակ հպարտություն` հայրենիքի պաշտպաններ դաստիարակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ